ստրուկներին։ Վերսկսւում է երաժշտութիւնը, տխուր ու հանդիսաւոր, պահպանելով մինչեւ տեսարանի վերջը քայլերգի բնաւորութիւն։)
Առաջին ալեւոր. Սրա հոգին դեռ փոթորկում է բուռն թափով:
ԿրԷօն. (ստրուկներին, որոնք կարեկցաբար նայում են Անտիգոնէին) Եւ այդ պատճառով վայ կը գայ նրա դանդաղկոտ պահապանների գլխին:
Անտիգոնէ. Աւաղ, այդ խոսքերից... մահուան շունչ է փչում ինձ համար...
Կրէօն. Խորհուրդ չեմ տալիս ուրիշ կերպ կարծել ու սիրտդ սփոփել: (Ստրուկները մօտենում են Անտիգոնէին ու ձեռներից բռնում)։
Անտիգոնէ. (մի պահ կանգ առնելով եւ ինքն իրան յաղթահարելով) Ո՛վ հայրենի քաղաք իմ ԹեբԷ։ Եւ դուք, աստուածներ իմ նախնիքների: Ինձ տանում են մահուան մատնելու։ (Ալեւորներին)։ Դուք, ծերունիներդ ԹեբԷ քաղաքի, նայեցէք ինձ, ումնից և ինչ պատիժ եմ կրում ես, վերջին շառաւիղս ձեր արքաների, ես, ամբարիշտ հռչակուածս իմ բարեպաշտ արարքի համար։
(Ուզում է յանձնուել պահապանների ձեռքը: Այդ րոպեին ալեւորների մեջ յաղթող են հանդիսանում նրա բարեացակամները։ Նրանք բոլորը առաջին ալեւորի գլխաւորութեամբ շրջապատում են Անտիգոնեին ու պահապաններին։ Կրէօնը սկզբում ուզում է բողոքել, բայց տեսնելով ալեւորների միաբանութիւնը, յուսահատ թափ է տալիս ձեռքը ու կրկին նստում նստարանի վրայ եւ այլ եւս ուշ չի դարձնում, թե ինչ է կատարւում։ Երաժշտութիւնը ընդունում է հանդիսաւոր յուղարկաւորական եղանակ)։
Պարը. Դանայէն [1] ևս զրկուեց քեզ պէս արևի լոյսից պղնձէ աշտարակի լերկ պատերի մէջ: Այնտեղ անազատ փակուած էր շիրիմանման մի սենեակի մէջ, թէպէտ նա, լաւ յիշիր այդ, որդեակ, սիրելի որդեակ, և ազնիւ տոհմից էր, և յղի Զևսից, որ թափանցել էր նրա ննջարանը ոսկէ անձրևի տեսք ստանալով։ Սակայն ահեղ է ոյժը ճակատագրի։ Փրկել չեն կարող մարդուս նրա ձեռքից ոչ ոսկու գանձեր, ոչ զէնք ու զրահ, ոչ բերդ անառիկ, ոչ էլ ծովասլաց սևաթոյր նաւեր։
- ↑ Արգոսի թագաւոր Ակրիսիոսը, որ մի գեղեցիկ աղջիկ ունէր Դանայէ անունով, օր ծերութեան ուզեց մի տղայ ևս ունենալ և այդ առիթով դիմեց Դելֆեան պատգամախօսին ու պատգամ ստացաւ, թէ ինքը սպանուելու է իր արու Ժառանգից։ Դրանից յետոյ նա վախենում էր ոչ միայն զաւակ ունենալ, այլ և թոռ: Ուստի փակեց իր աղջկան կանանոցում խիստ հսկողութեան տակ: Սակայն Զևսը թափանցեց նրա ննջարանը ոսկէ անձրևի տեսք ստանալով։ Հայրը իմացաւ, որ աղջիկը յղի է, և փակեց նրան պղնձէ աշտարակի մէջ, այնտեղ Դանայէից ծնուեց Պերսէոսը: Արկիսիոսը Դանայէին ու երեխային փակեց արկղի մէջ ու գցեց ծովը, չը հաւատալով աղջկայ ասածին, թէ Զևսիցն է այդ երեխան: