Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

փող ստվերներու պես, միշտ մոտ՝ բայց միշտ անմատչելի կը մնային:

Հինգ տարիե ի վեր ամուսնացած էին, երբոր առաջնորդի, թաղականի, հոգաբարձուի կռիվ մը, պարբերական կռիվը վրա հասավ և իր էրիկը վարժարանեն ճամփեց:

Ուսուցիչը բացը մնաց, զինքը պաշտոնի կոչող հոգաբարձուներուն հակառակորդները գործի գլուխ անցեր էին: Ինքը, իր խրոխտ բավականությանը ապաստանած, չուզեց ասոր անոր դիմել աղաչել իր պաշտոնը վերստանալու համար: Զրկված, անիրավված դասատուի, ազգային աշխատավորի դերը ուզեց վարել, ապերախտ դեր, որ եթե իր հպարտությունը կը գգվեր, բնավ դրական օգուտ մը չէր ընծայեր:

Հիմա փողոցները կը թափառեր, գեղջուկներուն դեմ իր արհամարհոտ պզտիկ ժպիտը շուրթին վրա, ուրիշ գործ մը գտնելու, հացի ստակ մը ճարելու մտմտուքը պահելով իր հոգվույն խորը:

Գեղեն ոչ ոք ձեռք երկարեց այս պոլսեցիին. նոր եկող տնօրենը, վանեցի մը, անոր դեմ զինվեցավ, պարտված, նահանջած ոսոխ մը բոլորովին չքացնելու, ու ասոր անոր օգնությամբ՝ հարձակողական վերադարձ մը արգիլելու մտադրությամբ: Նոր տնօրենին խոսքին նայելով՝ կ’երևար թե Զարուկին էրիկը բան մը չէր սորվեցուցեր իր խնամքին հանձնված աշակերտներուն:

- Ո՛չ տղոց միտքը, ո՛չ անոնց հոգին մշակեր է, - կ’ըսեր ան ամեն դեմը ելլողին:

Այս մարդը մանկավարժի հովեր ուներ, հոգեբանության վրա կը ճառեր, ու ապշած հոգաբարձուներուն երեսին՝ Ֆրեոպելի ու Փեստալոծծիի անունները կը նետեր:

- Խեղճ տղոց բոլոր ժամանակը զուր տեղը վատնել տվեր է ձեր պոլսեցի ուսուցիչը. երեխաներու հոգիին պետք էր խոսիլ, փոխանակ չոր ու ցամաք կերպով կարգ մը անուններ բերնուց[1] սորվեցնելու անոնց:

  1. բերնուց - բանավոր, բերանացի, անգիր