Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հիվանդությունը, հյուծախտ մը՝ սնունդի անբավականութենե ու բարոյական հոգերե առաջ եկած, օր օրի կը հալեցներ անոր տկար ույժերը ու դյուրավ գուշակել կուտար վախճանը, որ մոտալուտ էր:

Իմ հոն երթալես ութ օր վերջը մեռավ անիկա, մահ մը որ փրկություն մըն էր գրեթե անտանելի թշվառութենե մը. իր կարճատև կյանքին պես աղքատիկ ու անշուք եղավ իր թաղումը. ես, մեկ երկու պոլսեցիներ, որ դիպվածով այդ կողմը կգտնվեինք, հուղարկավոր գացինք իրեն մինչև գերեզմանատունը, որ անոնց տունեն հեռու ալ չէր: Գեղացիներեն հազիվ չորս հինգ հոգի, որոնց մեջ չորպաճիներեն մեկը, երիտասարդ մը, զոր ճանչցուցին ինծի. Օհանճան աղան:

Համեստ, գրեթե ամաչկոտ մեկը, որ իմ մոտս գտնվելուն, ինծի հետ խոսելու համարձակելուն համար կարծես թե ներում կը խնդրե:

- Խապա[1] մարդեր ենք մենք, - կ’ըսե ինծի, - մեր ըրածին խոսածին մի՛ նայիք, մենք ուսումնական չենք. փոթուր կը հագնինք, եմենի[2] ունինք ոտքերնիս:

Պակասություն մը խոստովանելե ավելի, լուռ բողոքի, գանգատի պես բան մը կա այս խոսքին մեջ, որ միտքս կը չարչարե: Շուտով կը բարեկամանա հետս ու վերադարձին՝ ճամփունուս վրա իր գործատունը կը հրավիրե, խոզակի[3] գործատուն՝ թթենիի պարտեզներով շրջապատված՝ զոր հաջողությամբ կը բանեցնե:

Մեկիկ-մեկիկ քովի արտերը, հողերը կը թվե ինծի, անոնց բերքը, հասույթը կը բացատրե, բոլոր իր սեփականությունը, որուն վրա արդար ու համարձակ հպարտությամբ մը կը պարծենա:

  1. խապա - (թուրք.) կոշտ, անտաշ
  2. եմենի - (թուրք.) չուստ, ոտնաման
  3. խոզակ - այստեղ՝ շերամի բոժոժ