Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մը, երբեմն նոր մարզանքի մը հետամուտ էր և որուն մեջ իսկույն գերազանց կը հանդիսանար: Մասնավորապես կը հիշեմ կիրակի օր մը, երբ Օխլամուրի կողմը հանդիպեցա իրեն, ձի հեծեր էր, ամեհի նժույգ մը, զոր պչրող ամազոնի մը պես խաղցնելով կը վարեր: Աղջիկները խենթ ըլլալու էին իրեն համար, այդ օրը նախանձեցա իր վրան: Ատեն մըն ալ որսորդության սեր տվավ. իր հագուստը կապուստը, զեն ու զարդը, պատմած պատմությունները ամենուս բերնին ջուրերը վազցուցին:

Այս լիաբուռն վայելքը կյանքին, որ շնորհված էր իրեն մեր ցավատանջ դպրոցականության ճիշտ դեմը, դառնություն մը չդրավ երբեք մեր ներսը, այնքան կը վայլեր իրեն անիկա, այնքա՜ն շնորհալի կ՚ըլլար ատով:

Կը հավատամ, որ շատ մը բաներու մեջ վայլեցնելը՝ մեծ ու գուցե ճշմարիտ արդարացումն է:

Վարժարանի կյանքեն վերջը կորսնցուցի զինքը. ես նոր ուսանողության շրջանի մը մեջ նետվեցա. անիկա բուն կյանքին մեջ թևակոխեց իսկույն:

Պատանութենեն իր մուտքը երիտասարդության մեջ՝ շքեղ եղավ: Ծերունի հայրը մեռեր էր մեծ հարստություն մը ձգելով իրեն, պատրաստ դրամե, կարգ մը կալվածներե ու շատ մըն ալ առնելիքներե բաղկացած: Ուրիշ մը իր տեղը՝ այս ժառանգությունը հաշվելու, ժողվելու, կարգի բերելու պիտի նայեր: Ասանկ հիմարություն մը չանցուց մտքեն բնավ: Ունեցածը ծայրեն սկսավ վատնել, նախ պատրաստ դրամը, հետո կալվածները մի առ մի ծախելով. առնելիքները ձգեց պարտականներուն ու չփնտրեց զանոնք, նույն իսկ երբոր աղքատացավ: Պեշիքթաշ իր մեծ հոր տունը բնակեցավ միշտ, նախապաշարում ըսե կամ հարգանք անոր հիշատակին: Գիշեր չեղավ, որ Փերա չերթար, հաճույքի, զբոսանքի արվարձանը, նոր տարփուհիներու ետևեն: Բայց իր փճացումին ու զեխությանցը մեջ անգամ միշտ ուրույնություն մը ուներ, վես ու տոհմիկ բան մը, ինչ-որ, եթե ուշադրություն ըրած եք եր