Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էր անոր կենդանությանը միջոցին, հետո ունեցած ստակն ալ չնչին բան մըն էր, ու անոր հարուստի վայելող մսխումը՝ աղջիկները ամուսնացնելու ունայն ճիգ մը միայն: Այս վերջին տեղեկությունը, մանավանդ Գևորգ աղային մնացած ակնածությունները փճացուց. էսնաֆները միշտ վարժված են խոնարհելու իրենցմե հարուստներուն առջև ու ամբարտավան ըլլալ՝ իրենցմե նվազ ունևորներուն դեմ. Գևորգ աղան հիմա, գուշակելով կարծես Նիկողոսին սերը, դեմը ելլողին կ’ըսեր.

- Ես զավկըներուս՝ զուրցված կնկան աղջիկ չեմ առներ:

Նիկողոս այս կտրուկ ու զարհուրելի վճռին առջև ընկճված մնաց, բայց շատ ուշ էր արդեն. երիտասարդը մեռնիլը ավելի դյուրին գտավ քան թե հորը կամքին դիմադրելը. հիվանդացավ. քիչ մը վերջը իրենց դրացիներն ալ հեռու փողոց մը՝ Փուշ Տիլիի կողմերը գացին: Ատեն անցավ վրայեն, բայց երիտասարդը աղեկնալուն պես վազեց Սոֆիկին քով նորեն: Հիմա գաղտնի, գիշեր ատեն, պարտեզին դրան քով իրար կը գտնեին: Հետո՝ տեսնելով որ Սոֆիկի մայրը նեղության մեջ էր՝ Նիկողոս հոժարությամբ ձեռնտու եղավ, անոր ապրուստին օգնեց: Ալ դրան առջև չէր սլքտկար, տուներնին կ’երթար հորմեն գաղտնի միշտ. անոնց բոլոր հոգերը կը ստանձներ ու անձնվիրությամբը ինքզինքը ա՛լ ավելի կը սիրցներ: Երկու տարի տևեց ասիկա, օր մըն ալ Սոֆիկին մայրը անկողին ինկավ մեյ մըն ալ չելլելու համար, սաստիկ թոքատապ մը ութ օրվան մեջ գերեզման տարավ զինքը: Նիկողոս ամեն օր միջոց գտավ հիվանդին տունը երթալու, խնամելու զինքը, բանի մը կարոտը չզգացնելով անոր:

Հոգեվարքի մեջն էր՝ երբոր հիվանդը իր զավակներուն մտածեց:

- Ես կեցեր եմ, ըսավ Նիկողոս:

Այս սփոփանքով մեռավ հիվանդը: