Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
Գ.

Ամուսնության մը պես ու ամուսնութենե ավելի բան մը եղավ ասիկա երիտասարդին համար, իր գաղտնի սիրույն ու խոստումին տերը մնաց. Սոֆիկեն զատ ուրիշ կին չճանչցավ աշխարհի վրա. ուխտ մը ասկե ավելի սրբությամբ չպիտի պահվեր:

Ասանկով՝ իր դատողության անձուկ շրջանակին մեջ կը հաշտեցներ իր սերը՝ հորը դեմ ունեցած հնազանդության հարցին հետ. հայրը իր ամուսնությունը չէր ուզեր այս աղջկան հետ. ինք ալ չէր ամուսնացած ահավասիկ. բայց կրնար հարկավ, հիմա, որ կատարյալ երիտասարդ՝ գրեթե չափահաս մարդ է. կին մը սիրել, և այս իրավունքով Սոֆիկեն չզատվեցավ:

Իր վաստակեն մաս մը, այնչափ միայն, որ հորը մանրազնին հաշիվներեն ճարտարությամբ կը փախցներ, անոր և քրոջը ապրուստին հատկացուցած էր: Հետո ուրիշ նախապաշարում մըն ալ կապեր էր զինքը այս կնոջ. իր գործը, առուտուրը օր օրի ավելի հաջող, ավելի շահավոր դարձեր էին. մինդչեռ իր արհեստակիցներեն շատեր հետզհետե կ’աղքատանային, կը փճանային: Մեռնող կնոջ հանդեպ ստանձնած հանձնառության դեմ՝ նախախնամության կողմե եկած փոխարինություն մը կը նկատեր այս բախտավորությունը:

Օր մը միայն, և այդ օրը շարունակ կը հիշեր, Սոֆիկ իր ծոցվոր ըլլալը իմացուց իրեն, զավկի մը մերձավոր ծնունդը տեսակ մը հրապարակային հանգամանք կու տար իր այնքան խնամքով գաղտնի պահած սիրույն: Այն ատեն իր շվարումին մեջ այդ զավակը չքացնելու համար դեղ ու դարման փնտրեց, բայց բնությունը անոր բոլոր հնարքները ի դերև հանեց, ու երբոր օրին մեկը զավակը ծնավ, ուրախացավ իր հնարքներուն ապարդյուն մնալուն: Բայց այս ուրախությունն ալ խիստ վաղանցուկ բան մը եղավ. իր կյանքը հետզհետե նոր շփոթություններով, նոր դառնություններով կը լեցվեր: Երեխային կնունքը մեծ