Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գործ մը եղավ, ո՞ւրկե կնքահայր գտնել, որո՞ւն խոստովանիլ իր գաղտնիքը. վերջապես մկրտությունը եղավ և իրիկունը անոր մայրը ըսավ իրեն, թե իրենց փոքրիկ Արամը արձանագրվեցավ ժամուն տոմարներուն մեջ իբրև «եկեղեցվո զավակ»:

Երբոր իր հայրը, Գևորգ աղան, օր մը հանկարծ մեռավ սրտի կաթվածե, Նիկողոս աղան արդեն մեկզմեկե աղվոր երկու զավկի հայր էր ինքն ալ:

Որքան ալ գաղտնի պահած կարծեր իր կենակցությունը, շատերը իմացեր էին ասիկա: Այն վրան գլուխը շնորհքով մարդը, որ ատեն մը ցերեկները միայն և վերջն ալ շաբաթը գիշեր մը Սկյուտար կու գար Սոֆիկ հանըմին տունը, նախ ազգական մը կարծվեր էր դրացիներեն, բայց այս ենթադրությունը շուտով մեկդի եղած էր: Քանի մը ընտանիքներ Սոֆիկ հանըմին երթալ գալը դադրեցուցեր էին՝ չզիջանելով պահծու կնկան մը հետ տեսնվիլ: Անիկա սակայն իր զավակները խնամելու, մեծցնելու ետևեն էր միայն. իր չքացած կյանքին վրա ափսոսալով չէր դառնացած սիրտը. շատեր իր գեղեցիկ կնոջ հրապույրներուն հետամուտ եղած էին առանց հաջողելու. հարկավ կը փափագեր, որ այդ մարդուն հետ, որ վերջապես իր ճշմարիտ էրիկն էր աստուծո առջև, եկեղեցվո պսակովն ալ ամուսնանար, գոնե իր զավակներուն առջև ամոթահար չմնալու համար, գոնե անոնց անուն մը ձգելու համար: Բայց Նիկողոս աղան միշտ խուսափեր էր ասկե: Դպրոցին մեջ իր տղաքը՝ Արամը ու Գևորգը՝ մորերնուն մականունովը հիշվեր էին: Երբոր խելամուտ ըլլալ սկսան անոնք, ուրիշ հոգ մը իր մայրական մտմտուքներուն վրա ավելցավ. պետք էր իր տղոցը առջև անուն մը տալ այն մարդուն, որ շաբաթը մեյ մը իրենց տունը կու գար: Նիկողոս աղան մորեղբայր մը եղավ ուրեմն, և քիչ մը ատենի համար այս հնարքը հաջողեցավ: Հետո, ուրիշ կսկիծներ եկան, օրին մեկը Արամ դպրոցեն լալով տուն դարձավ. կռիվի մը միջոցին տղաքը փիճ, փիճ պոռացեր էին իր երեսին ու հալածեր էին զինքը. վարժապետն ալ՝ փոխանակ պաշտպանե