Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լու՝ վռնտեր էր զինքը: Անկե վերջը այդ նախատինքը տեսակ մը սովորական մակդիր եղած էր Արամին, այնքան, որ ստիպվեր էին զայն դպրոցեն հանել:

Դ.

Հորը մեռնելուն՝ Նիկողոս աղան քառասունը անցուկ էր արդեն, դպրոցական տղու մը հնազանդ ու կրավորական դերին մեջ փճացած: Մայրերն ու հայրերը «շնորհքով», «խոսք մտիկ ընող» զավկի օրինակ ցույց կու տային այս աղեբեկ մազերով մարդը, միշտ սև կամ մութ գույն զգեստներ հագած, ամառ ձմեռ չհանելով կռնակեն փառտսյուն[1], զոր իր տարիքեն եղող մարդու մը համար անհրաժեշտ կը կարծեր: Օձիքը վար դարձած ճերմակ շապիկին սև քրավաթը[2] երբեք չէր փոխվեր: Իր առուտուր ըրած խանութեն գիտեին անոր հաստատատիպ ճաշակը ու ներս մտնելուն, սովորաբար ծնունդեն կամ զատկեն քանի մը օր առաջ, առանց հարցնելու կը պատրաստեին իր ուզածը, հոս իր զգեստները, հոն վեց ձեռք շապիկ, երկու քրավաթ, ձմեռը երեք հատ լավ տեսակ բուրդե ֆանելա[3] և վեց հատ գուլպա, ամառը բամբակե: Նոր լաթ հագնող տղու մը պես կը հրճվեր այս ամենը գնելով, միակ ուրախությունը իր բովանդակ կյանքին, որ անխափան կերպով տարին երկու անգամ կը կրկնվեր:

Գևորգ աղային մեռնելեն ի վեր, տանը մեջ անոր տեղը բռնելու կոչվելուն՝ նախ բոլորովին շվարեր մնացեր էր ու ապարդյուն ջանքեր ըրած էր իր հլու ու ծռած ողնաշարը շտկելու համար:

Միջոց մը կարգվելու գաղափարը մտքեն անցավ: Սոֆիկ հանըմ այնքա՜ն շատցուցեր էր թախանձանքը, որ Նիկողոս աղան պահ մը համոզվեցավ պսակվելու հետը: Իր խոստովանահայրը՝ մաքուր ու

  1. փառտըսյու - (ֆրանս.) թեթև վերարկու
  2. քրավաթ - (ֆրանս.) փողկապ
  3. ֆանելա, ֆլանել - (իտալ.) բրդյա կտոր, ներքնազգեստ