Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եղրևանիի կապույտ խոպոպները և մեր անմոռանալի Դ. կարգը, որուն մնացորդն ու ներկայացուցիչն էի այստեղ. և այս պահուս միտքս կու գային մեր քերթվածներեն տուներ, ամբողջ հավաքածո մը, որուն մեջ իր անունը կը կրկնվեր միշտ անուշ արձագանքի մը նման և զորս ներշնչող աստվածուհին ահա դեմս է, հո՛դ, այդ ապերախտը՝ որ զիս չի ճանչնար հիմա:

Սրահը կը թողում սենյակի մը անկյունը քաշվելու համար և ահա շրջազգեստի շրշյուն մը կը լսեմ ետիս. ինքն է. աճապարանքով կը մոտենա ինծի. կ’երևա թե շատ ատեն չունի կենալու:

- Ի՞նչպես ես, աղե՞կ ես:

Կը սիրեմ այս պարզ ու եզակի ձևը, որ պաշտոնականի չի վերածեր մեր տեսությունը. կը զգամ, որ միշտ մեր Դ. կարգին Սերվինազն է:

Լրջաթույր ձեռնոցին թաթիկներովը կը շոյե երեսս:

- Մեծցեր ես:

Ինքը ապահովապես ավելի երիտասարդացած էր:

Հետո, մտերմաբար, տասը տարվան բարեկամի մը պես, շարժելով իր աղվորիկ գլուխը, ու վեր առնելով սաթի պես փայլուն մազերեն մաս մը, որ ճակտին վրա կ’իյնա շուրջը կը դիտե անգամ մը, գողունի նայվածքով, կարծես նախանձոտ աչքերե գաղտուկ՝ սիրո ապացույց մը տալու համար ինծի. ո՛չ ոք. այն ատեն գոհ սիրտով ինծի կը դառնա.

- Ծխելու համար հոս եկա. մարդ չտեսնա, շո՛ւտ, սիկառ մը տուր:

Դ.

Այդ գիշերեն զատ մեյ մըն ալ չտեսա զինքը:

Այն միայն իմ դասընկերներես, որ միշտ հետևեցավ իրեն՝ ինձմե տարիքով ու սրտով մեծ երիտասարդ մըն է:

Երկուքն ալ ձախորդությանց զուգահեռական գիծով մը շարունակեցին ճամփանին. Զարեհ չմտավ