Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սարդ վաճառական մը, քոմիսերի[1] ժապավենը կուրծքին, որ ամենքը կը ճանչնար այստեղ և հարմար ու պատշաճ խոսքով մը ներկայացուց զինքը.

- Տիկին, տաղանդավոր բանաստեղծ մը, Հակոբ Դավիթյան, գիտեմ որ բանաստեղծները կը սիրեք և համարձակվեցա ձեր մոտ բերել զինքը:

Ու երիտասարդին դառնալով՝

- Տիկին Հովսեփյան:

Տիկինը դիտեց զինքը՝ ուշադիր ու հետաքրքիր՝ ոտքեն մինչև գլուխը, փողկապը, կոշիկները, ձեռնոցը, սրամպուլինը[2], որոնք բանաստեղծի մը համար, բավական շնորհքով թվեցան: Մյուսը թողուց զիրենք:

Իրենց խոսակցությունը պարահանդեսի սովորական բանաձևով սկսավ.

- Աղեկ բազմություն կա այս գիշեր:

- Այո՛, տիկին:

Երջանկության սրտադողին մեջ չկրցավ բառ մը ավելցնել, վախնալով որ ապուշ խոսքով մը իր բանաստեղծի ենթադրյալ նրբամտությունը ի դերև չհանե:

Լռությունը կը շարունակեր ու ծաղրելի կը դառնար:

Տիկին Հովսեփյան սկսավ նորեն.

- Գյո՞ւղը կը նստիք:

- Ոչ, տիկին, Փերա կը բնակիմ:

Կը թոթովեր. անիմաստ խոսքեր պիտի ըսեր անշուշտ:

- Լսած եմ ձեր անունը, - ավելցուց վարանելով, իբրև թե խոստովանություն մը ըներ,– ձեր գրությունները միշտ կը կարդամ ու միշտ հաճույքով:

Երիտասարդը իր գրագետի ամենեն դրուրազգաց թելին մեջ արթնցավ:

  1. քոմիսեր, կոմիսար - զանազան երկրներում պետության կողմից հատուկ և մեծ լիազորություններով օժտված պաշտոնյա
  2. սրամպուլին - այցելության պաշտոնական զզեստ