Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տե կը զղջար իր ամուսնության վրա, որ շղթայակապ դատապարտություն մը կը դառնար, ու հազար անգամ պատրաստ էր փոխելու այս աֆիոնով խառնված հարստությունը, սրտի մոտ մարդու մը բարեկամությանը հետ:

Ոչ կիրք և ոչ ցանկություն ուներ իր ամուսինը և կինը իր տենդաբորբ հյուծումներովը կը սպառեր, կը հիվանդանար. բժիշկը՝ գաղտնապահ ու շնորհալի տոքթոր մը՝ կուգար եթե ոչ առողջացնելու, գեթ սփոփելու համար հիվանդը. տիկին Հովսեփյան իր քնատութենեն կը գանգատեր. բժիշկը կը զարմանար, այսչափ աֆիոնի մոտ մարդու մը կինը քնատութենե գանգատե՜ր և իր քլոռալներուն[1] պետք ունենա՜ր:

Ճշմարիտ է սակայն, որ Տիկին Հովսեփյան շատ գիշեր կը լուսցներ, տենդոտ ու երազամոլ. և առտուն՝ գեղեցիկ աչքերուն կտրած կոպեն, տժգունած երեսեն գիշերվան տագնապները կը կարդացվեին դեմքին վրա:

Իր դժգոհությունը էրկանը դեմ կը դառնար և կը զայրանար այն օրինավոր հարստության դեմ, զոր անոր երեսեն կը վայելեր ու հիմարական կարգադրություններ կ’ըներ մտքովը, իր էրկանը կործանման ակնդետ սպասելով:

Իր արդուզարդերը կը մտադրեր պատրաստել իր մտերիմներուն ընծաներեն. հագուստը բոլոր հարաբերությանցը ամփոփումը պիտի ըլլար, տեսակ մը քառնե[2], ուր ամեն ոք իր անունը պիտի արձանագրեր:

Եվ ոչ ոք կար իր մոտը խրատելու համար զինքը և դարմանելու իր հիվանդ հոգին:

Այդ միջոցին աֆիոնի գիները մեծ անկում մը ունեցեր էին և ահագին քանակությամբ ապրանք կար էրկանը ձեռքը, որ հիմա շվարած ապշած կը մնար այս մեծ կորուստներուն վրա. զորս դարմանելու անկարող կը զգար ինքզինքը:

  1. քլոռալ (քլորոֆորմ) - (ֆրանս.) թմրեցուցիչ դեղ
  2. քառնե - (ֆրանս.) ծոցատետր