Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նվիրեն առանց աղմուկի, պարտականություն մը միայն կատարող մարդոց պես. կը փնտրեինք ու չէինք գտներ:

Երիտասարդ մը ներկայացավ մեր ժողովին. Դավիթյանն էր:

Պաշտոն խնդրելու կուգար Ընկերության վարժարաններուն մեջ. իր վրդոված դեմքեն կրած տառապանքը կը հասկցվեր. նիհարցեր, աչքերը հորը ինկեր էին. հանձնարարեցի զինքը ու հարմար պաշտոն մը փնտրեցինք. Ալաշկերտի վարժարանին տնօրենությունը բաց էր. ընդունեց, աղաչելով միայն, որ կարելի եղածին շուտով ճամփա ելլե:

Ժողովեն վերջը առանձին տեսնվեցա հետը. իր կսկծալի պատմությունը ըրավ ինծի. կորսնցուցած դիրքը, երկու հարյուր ոսկիի չավ դրամին հատնիլը, չքավորությունը աչքի առջև, և սրտին մեջ այս հավետ սիրեցյալ կնոջ պատկերը:

Վերջերը ա՛լ սկսեր էր իր երեսը չնայիլ. ուրիշներ, ավելի փորձ ու ճարտար սիրո արվեստին մեջ, վայելած էին զայն և ինքը իր չքավոր բանաստեղծի սիրույն ու պարկեշտությանը մեջ մոռցված էր:

Տիկին Հովսեփյան Փերայի ամենեն ըղձալի կինը կը մնար, իրեն անգամ մը մոտեցողները տարփանքով ախտացյալ ու վարակյալ կը հեռանային:

Ապաքեն ոչ ոք իր հրապույրներուն մենաշնորհը ուներ, ամենունը ըլլալ կը բաղձար այս կինը, քանի որ իր էրկանը չէր, նոր անկում մը իր տարփանքին վայելքը ու սաստկությունը կավելցներ:

Շաբաթ օրը ավստրիական թղթատարը կը մեկներ և ուսուցիչը նույն օրը ճամփա ելլել որոշած էր. խոստացեր էի ուղեկից երթալ իրեն մինչև շոգենավ ու խոստումս պահեցի:

Իրիկվան ժամը իննին մեկնեցանք Ընկերության գրասենյակեն. բեռնակիր մը առջևնուս կը տաներ ուղևորին համեստ սնտուկը. ձյունը կը տեղար հանդարտ օդով մը ու ծուլությամբ կը տարածվեր, կը փռվեր ցեխոտ մայթերուն վրա. ամեն ազգ ու ամեն տարիք կը կոխեր կ’անցներ անոր կաթնաթույր երե