Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բոլորովին մերկ կին մը, ո՛չ, կանացի փայտաշեն մարմին մը, ճշմարիտ ու կենդանի կարծվելու չափ ճարտարությամբ շինված, իր զմայլած աչքին կը պարզեր, հայտնի լրբությամբ մը, այն բոլոր թաքուն հրապույրները, որոնք իր նոր ամուսնացած երիտասարդի տենդագրգիռ արյունը կը բորբոքեին: Ու մինչև լույս չէր քնանար, կանանց մարմնին համար մտածված, երևակայված, ստեղծված այս բոլոր խոսուն և գրգռիչ նյութերեն շրջապատված, որոնց բոլորին վրա, իբրև հրաշալի աշխարհի մը մեջ, այդ մերկ կինը՝ սեգ, խրոխտ, բայց միանգամայն կարծես թե անձնատուր ըլլալու պատրաստ, կը տիրեր իր մարմնին շլացուցիչ գեղովը: Ու կանանց հատուկ, անոնց գաղտնիքներովը, հրապույրներովը լեցուն այս քաղաքին մեջ անզգա պահապան մնալու դատապարտված՝ այս երիտասարդը կուրտ աքաղաղի տարօրինակ դեր մը կը ստանար:

Գ.

Հայրենիքը, Զարդար, իր մանկամարդ կինը, կը սպասեր: Իրենց սուրբ պսակեն ի վեր հազիվ մեկ երկու ամիս էրկանը երեսը տեսած էր, ու ստակ վաստկելու աննահանջելի հարկը՝ հեռավոր երկիրներ առաջնորդած էր զայն:

Կը սիրե՞ր արդյոք այն երիտասարդը, որ իր ամուսինը եղած էր. այն կույր ու անտրտունջ հնազանդության մեջ, որ հայուհիներու բոլոր կյանքը կը կազմե այդ կողմերը, ո՛չ խորհելու և ո՛չ զգալու տեղի մնացած է. իրեն չէին հարցուցեր երբեք, թե կ’ուզե՞ր այն մարդը, զոր իրեն սահմանած էին. ինքն ալ չէր մտածեր անոր վրա. ո՛չ կատեր և ո՛չ կը սիրեր զայն մինչև իր ամուսնության օրը: Եվ ամուսնութենեն ետքը ա՛յնչափ քի՜չ ատեն անցուցած էր հետը, այնչա՜փ մտերմութենե զուրկ, որ գրեթե պաշտոնական եղած էին իրենց հարաբերությունները՝ միևնույն հարկին տակ բնակվող բազմաթիվ ազգականներու աններող նայվածքին տակ: