Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ նոր ընտանիքին մեջ, ուր կը մտներ գլխավորապես ծառայության համար, ամենեն քիչ իր էրկանը կը պատկաներ. վասնզի կեսրոջը, աներին, մյուս ազգականներուն սպասավորությունն էր իր ավագ պարտավորությունը:

Այս գեղի աղջիկը գորովի և սիրո անսպառ գանձեր ուներ, սակայն իր սրտին խորը, որոնք մեկ բառով, մեկ գգվանքով թերևս պիտի հայտնվեին: Բայց ավանդությունը կար իր աչքին առջև, իր ամուսնին հորեղբայրներուն կիները կային, նույն իսկ իր կեսուրը կար դեմը, Պոլիս գացող մնացող ամուսիններու սպասելով, տանը անհատնում հոգերուն ու աշխատությանցը մեջ մաշելով ծերացած կիներ, հիմա գրեթե պառավներ, ճիշտ իրեն պես, նոր հարսի պես լռիկ ու խոնարհ՝ այդ մարդոց քով, որոնք հանկարծ, երկարատև տարիներե ետքը, հիշեր էին, թե այդ դժբախտներուն ամուսիններն էին իրենք ու հայրենիք վերադարձեր էին, այլևս աննպատակ ու անօգուտ դարձած ամուսնական կյանքը շարունակելու:

Ահա այս հեք[1], աղեբեկ[2] ու կորաքամակ օրինակները կային իր առջև, որոնք ստվերներու պես անխոս՝ իր շուրջը կը դառնային, և Զարդար էրիկ կնկան ուրիշ տեսակը չէր երևակայած երբեք:

Չզարմացավ ուրեմն, երբ կարգը էրկանը եկավ մեկնելու: Իր մշտնջենապես կրավորական դերին մեջ գավառացի հայ կինը գանգատելու անգամ զորություն չունի. Պոլսեն թուղթ եկավ. հորեղբոր մը գալուստը իմացուցին ու Մարտիրոսի մեկնելու պատրաստությունը տեսան. հարսը՝ իր հոգածու ամուսինի պատրաստությամբը՝ երկու զույգ բուրդե գուլպա շինեց, մայրը ու մյուս ազգականները մեյ մեկ հիշատակ տվին ճամփորդին ու երկուշաբթի օրվան կարավանով մոտի գյուղեն Պոլիս գացող ուրիշ երիտասարդի մը՝ Խաչոյին հետ ճամփա դրին զայն: Զարդար մինչև

  1. հեք, հեգ - խեղճ, թշվառ
  2. աղեբեկ - ալեխառն, տեղ-տեղ սպիտակած, ճերմակ, սպիտակ (մազերի մասին)