Էջ:Grigoris Aghtamartsi, Taghs (Գրիգորիս Աղթամարցի, Տաղեր).djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

գակ, լուսին ի լրման», «Աստուածանկար պատկեր յօրինեայ» և այլ տաղերուս, որոնք բացահայտում են Աղթամարցու ստեղծագործության այդ ուշագրավ առանձնահատկությունը: Նրա տաղերուս հաճախ հանդիպող գունագեղ նկարագրությունները, պատկերավոր բնութագրումներն ու հուզաթաթավ արևելյան զուգորդությունները, չափազանցական ոճերը միշտ չէ, որ առ կինն ունեցած զգացման արտահայտություններ են, այլ, երբեմն, բանաստեղծական հնարանք, որ կիրառում է նա այս կամ այն մտերմի՝ ուսուցչի, ընկերոջ կամ նույնիսկ օտարի նկատմամբ: Դրանք ներբողական դրսևորումներ են՝ ոճավորմամբ սկիզբ առած նաև գանձագրական կամ շարականային ակունքներից:

Աղթամարցու ստեղծագործությանը հատուկ է միջնադարում սիրված այլաբանությունը, որ փոխարինում է անորոշ վերացական դրսևորմանը և հնարավորություն տալիս ստեղծագործությունն ընկալել թե՛ իր ուղղակի իմաստով, թե՛ այլաբանական մտքով: Այդպիսիներից են «Ահա այգիք մեր ծաղկեցան», «Գարունն երեկ», «Յետ գնալոյ վարդին» տաղերը:

Հայ տաղերգուներից ամենից ավելի Աղթամարցուն են վայեյում Մ. Աբեղյանի այն խոսքերը, թե «Հետագայում (Կոստանդին Երզնկացուց հետո) ևս այլաբանության են դիմում բանաստեղծները, այդ ոչ թե նրա համար, որ թույլատրված չէր բացահայտ երգեր այլ, որ այլաբանական ձևը դուր էր գալիս կրոնավորներին»: Նշանակում է՝ այլաբանությունը ժամանակի ընդունվված հնարանք է եղել, մտածելու և բանաստեղծելու մի ձև, որ շատ հրապուրել է նաև Աղթամարցուն: Բայց Աղթամարցու այլաբանությունը տարբերվում է մյուս տաղերգուների այլաբանությունից այն բանով, որ, եթե, ասենք, Կոստանդին Երզնկացին որոշակի նշում էր իր այլաբանու-