Էջ:Grigoris Aghtamartsi, Taghs (Գրիգորիս Աղթամարցի, Տաղեր).djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առաջ: Պարտէզը մարմինն է, ծաղիկները՝ մարդու գեղեցիկ արարքները, փշերը՝ նրա մեղքերը:

Միջնադարում ընդհանրացված այս գաղափարը տաղում ստացել է նոր երանգ ու բովանդակություն: Այլևայլ հույզերից ավելի այստեղ հնչում է մարդկային կյանքի կարճատևության ողբերգութիւնն՝ ի հավաստումն այդ կյանքի սիրո ու փառաբանության:

Ինչպէ՞ս ելնեմ ի յայգոյս..
Քար եմ բերեր սարերոյս,
Փուշ եմ կրեր ձորերոյս,
Պատ եմ բոլորեր այգոյս...
Դեռ չեմ կերեր ի պտղոյս,
Կասեն՝ թ’ «Արե՜կ, ե՜լ այգոյս»:

Բայց որքան էլ ծանր է մարդու համար աշխարհը թողնելը, որքան էլ տառապալից է մահվան գաղափարը, այդ անխուսափելի է:

Հոգին մարմնից անջատվեյուց հետո, մարդու կյանքի կարճատև ընթացքն ավարտելուց հետո էլ շարունակվում է կյանքն իր բնական ճանապարհով և, ինչպես իր կենդանության օրոք, մահից հետո էլ առանց այգեպանի հարատևում է կյանքը:

Այստեղ արտահայտված է քրիստոնեական հավատով ու բարոյականությամբ սնված միջնադարյան մարդու և՛ սերը կյանքի նկատմամբ, և՛ սիրո անհագուրդ ծարավը, և՛ ափսոսանքը գեղեցիկը թողնելու համար, և՛, միաժամանակ, հավատն ու երկյուղը հանդերձյայ կյանքի հանդեպ: Բայց այս բարդ հանգույցը բանաստեղծի գրչի տակ վեր է ածվել կյանքի գովերգի և իր տրամադրությամբ հաստատել կյանքը՝ կամա թե ակամա հակադրելով երկնայինի գերադասության ու հանդերձյայ կյանքի գաղափարին: