Էջ:Grigoris Aghtamartsi, Taghs (Գրիգորիս Աղթամարցի, Տաղեր).djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծածնչական «Երգ երգոցի» հարասության մեջ դնելով հոգու սեփական ջերմությունն ու կյանքի ծարավը:

Ուսումնառության շրջանում գրված Աղթամարցու տաղերը ներկայացնում են այն միջավայրը, հոգեբանությունը, բարքերն ու գրական ավանդույթները, որոնցում ձևավորվել է երիտասարդ բանաստեղծը: Նրա վաղ շրջանի ստեղծագործություններին բնորոշ են միջնադարյան-կրոնական մտածողությունն արտահայտող գաղափարներ, որոնք համահնչուն են մեր շատ տաղերգուների ստեղծագործություններին: Դրանց նյութն է մարդու մեղսականության գաղափարը («Եղուկ ու հազար մի վայ»), աստվածածնին նվիրփսծ փառաբանությունը («Անեղին տաճար»), վարքագրական հերոսների մեծարումը («Ոտանաւոր, զվարս Մարինոսի ճգնավորին», «Տաղ Աստուածատուր Խաթայեցուն»), մտերիմներին ուղղված անձնական քնարերգական պոռթկումները («Գանգատ առնեմ սիրով զքեզ», «Այբէն մինչև ի Քեն քէնէ գանգատիմ ես») և այլն:

Նույնիսկ այս շրջանի ժառանգության մեջ արդէն նկատվում է մի հատկություն, որ հետագայում պետք է դառնա Աղթամարցի բանաստեղծի հեղինակային դիմանկարի բնորոշ առանձնահատկությունը՝ արտաքին պարզության մեջ ասելիքի անհստակությունը. այդ է պատճառը, որ նրա շատ ստեղծագործությունները մինչև օրս իրենց բովանդակությամբ մասնագետների վեճի առարկա են մնում կամ, առնվազն, տարբեր մեկնաբանությունների արժանանամ: Թերևս այստեղ զգալի դեր են խաղացել նրա երիտասարդական զգայուն ընկալումների և կաթողիկոսական դիրքի հակադրությունը. անմիջական զգացումների պոռթկումներ, միաժամանակ՝ մշուշապատ, սքողված ակնարկներ, ահա դրանցից մի նմուշ.