Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ի՞նչ կը նշանակե ուրեմն Րամազանին քանի մը օր մնացած խմբեն հեռանաք, երբ ձմեռվան եղանակին մեջ Վարդովյան իր վնասները հանելու համար միայն ամառվան եղանակին մեջ ամսական տված է իր դերասաններուն և անոնց ստորագրությանը վստահելով ծանրածանր ծախսերու մտած է։ Ահա այս կը նշանակե, որ խումբ մը կա, որ հիմա գեշ բաները քաջալերող պաշտպան մը գտնելով՛ երբեմն դերասանաց ամսականն ավելցնելով զանոնք կորսա, երբեմն ուրիշ մը մեջտեղ ձզելով դերասաններն քիչ միջոցի համար Սելանիկ կը ղրկե և վերջապես կընե, ինչ որ պետք է Վարդովյանի խումբը կործանելու համար³, բայց պիտի հաջողի՞, բնավ երբեք, նախ որ հասարակության աչքին առջև կատարված այս դեպքերն Վարդովյանը կը բարձրացունեն, երկրորդ որ ելնողներուն տեղը բռնելու համար բավական դերասաններ կան Վարդովյանին խումբին մեջ, օրինակի համար Ֆասուլյաճյան, Մնակյան որ օբերա—պուֆերուն մեջ դեր չէին կատարեր—թերևս Վարդովյանն հեռատեսությամբ մը զանոնք չէր հաներ—Լա Պել էլենին մեջ Մենելասի դերն կատարելով (մին հայերենի և մյուսն տաճկերենի մեջ) Մենելասն խիստ հաջողակոլթյամբ ներկայացուցին։

Անկեղծ սրտիվ կը բարեմաղթենք, որ ելնող դերասաններն ավելի կանոնավոր, ավելի հարուստ և իրենց համար ավելի շահավոր վարչության մը հարելով ստորագրություննին չհարգելով բարոյապես կրած վնասնին նյութապես գոցեն և չստիպվին քանի մը ամիսեն նորեն չհավնած Վարդովյանին ներողամտությունը խնդրելով անոր խումբին մեջ մտնալ, ինչպես որ հազար անգամ պատահած է, ասոր վկան հասարակությունն եղած է։

Վարդովյանն ալ այս դեպքեն խրատվելով աշխատելու է ստորագրության հարգը ճանչցող դերասանաց հետ պայմանագրություն կնքել, յուր պայամանագրության անթերի գործադրությանն ալ ավելի աշխատիլ և դերասանաց դժգոհության բնավ տեղի չտալ։ Այս զգուշություններն պետք է ընել, եթե կուզեր յուր վարչությունն ավելի կանոնավոր և միշտ հաստատ պահել ի նախատինս յուր թշնամյաց։

Եվ մենք թեպետ և այս դեպքերը ցավոք կը հիշենք թերթերնուս մեջ, բայց մեկ կողմե ալ կուրախանանք, որովհեաև այս դեպքերն հայտնի ապացույցներ են թշնամությանց, զորս ժամանակին միշտ հրապարակ հանած ենք, կատարյալ անկողմնակալությամբ, ինչպես որ ասկից վերջն ալ պիտի հանենք։