Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿԱՆԱՆՑ ԴԵՄ ԱՊԱՀՈՎՈԻԹՅԱՆ ԸՆԿԵՐՈԻԹՅՈԻՆ

Ինչո՞ւ արդյոք մինչև հիմա ասանկ ընկերություն մը հաստատված չէ. նավաբեկությանց, ինչպես նաև հրդեհի դեմ՝ այսինքն ջուրի և կրակի դեմ բավական ապահովության ընկերություններ ըլլալեն ետքը գոնե հատ մալ կանանց դեմ ըլլալու չէ՞ր, միթե ծովուն պատճառած կորուստները կնկան մը, բացառությունները չմոռնանք, տված վնասներեն ավելի շատ և ծանր են, միթե կրակեն հառաջ եկած դժբախտությունները կնիկի մը տված հարվածներեն ավելի շատ ու դա՞ռն են, միթե կրակը կնկան չափ կիզի՞չ է. միթե ծովը կնիկեն ավելի՞ խաբող է։ Ծովը երբեմն խաբելով նավ մը ու մեջի մարդիկները կը կորսնցնե, կինը մարդկության նախահայրը խաբելով ամբողջ մահկանացուներս կորսնցուցած է. կրակը երբեմն տուներ կայրե ու քանի մը ընտանիք մոխիրի վրա կը նստեցունե. իսկ աղջիկ մը — բացառություն դնենք նե աղջիկները ավելի վիրավորած կըլլանք, քան թե գոված — սիրտեր կայրե ու երիտասարդները հիմարանոցի մեջ կը նստեցնե, կրակին տված վերքը կրնա բժշկվիլ, իսկ աղջկան մը բացած վերքը... խեղճ սիրահարներուն հարցուցե՛ք։

Այս ըսածներս ապացուցանելու համար երկար-բարակ փաստեր, ապացույցներ մեջ բերելու պետք չունիմ, ամեն օրվան դեպքերն ըսածս հաստատելով կը հաստատեն։

Մարդ մը կը տեսնաս, որ քանի մը տարի առաջ աղեկ էր ու հիմա խեղճ վիճակի մեջ է զավակներովը։ Պատճառը կը հարցունես ու սա պատասխանը կառնես.

— Կնիկը պճնասեր մեկը ըլլալուն՝ էրկանը բոլոր ստակովը վրան հագուստ կապուստ շինեց ու էրկանը ստակները լմնցուց։

Ե՞րբ կրակին մեկ կայծը այսչափ շռայլաբար կերած է։

Քանի մը քայլ կառնես, ուրիշ մեկը կը տեսնես, որ քանի մը ամիս առաջ խանութ ուներ, գործ ուներ ու կաշխատեր, իսկ հիմա, ոչ գործ ունի, ոչ խանութ։ Պատճա՞ռ. պատճառը սա է, որ կնիկն անպարկեշտ ըլլալով ուրիշի մը հետ սիրահարություն կընե եղեր։

Ե՞րբ ծովուն մեկ ալիքը ասանկ անգթություն մը ըրած է։

Քանի մը քայլ կառնես և ահա երիտասարդ մը կը տեսնես, որ խենթեցեր է։ Ինչո՞ւ, որովհետև աղջկան մեկը՝ քեզի շատ կը սիրեմ, քեզի համար կը մեռնիմ ըսեր ու չսիրելեն, չմեռնելեն զատ՝ ուրիշի մը սեր տված է և այս խեղճեն երես դարձուցած է։