Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲԺԻՇԿԻ ՄԸ ԳԼԽՈՒՆ ԵԿԱԾԸ

Անցյալ գիշեր, ժամը վեց ու կեսին միջոցները, մարդուն մեկը Թաթավլա՝ բժշկի մը դուռը կը զարնե։

Ներսեն կը հարցունեն.

— Ո՞վ է ան, ի՞նչ կուզես։

— Մյուսյու տոքթորը հո՞ս է։

— Հոս է, ի՞նչ պիտի ընես։

— Հիվանդի մը պիտի տանիմ.

Այս պատասխանին վրա դուռը կը բացվի, մարդը կը մտնե ու բմշկին սենյակը կելնե։

— Մյուսյու տոքթոր, կըսե մարդը, ծանր հիվանդ մը ունիմ, կաղաչեմ, որ շուտ մը երթանք։

— Շատ աղեկ, բայց գիտնալու եք, որ գիշեր ատեն հիվանդ ըլլալը հարուստներուն կը վայլե, ինչու որ բժշկի մը գիշերվան այցելությունն քիչ մը սուղ է։

— Այդ խոսքը մեզի համար չէ, մյուսյու տոքթոր, մենք ամեն ժամանակ գիշեր ատեն հիվանդ ըլլալովնիս ատանկ բաները գիտենք.. հրամանքնիդ հագվեցե՛ք, երթանք։

— Շատ լավ, գիտեք անշուշտ, որ հիմա գողի վախ ըլլալով գիշերվան վիզիթանիս սովորականեն ալ քիչ մը ավելի է։

— Մի՛ վախնաք, մյուսյու տոքթոր, քանի որ ես մեկտեղ եմ, մեկե մը վախնալիք չունիք։

— Շատ աղեկ։

— Երթանք։

Մարդն ու բժիշկը տունեն կ՝ելնեն և կսկսին շուտ շուտ քալել։

Քանի մը փողոց դառնալեն ետքը մարդը կանգ կառնե, լապտերը գետին կը դնե ու ձեռքը տոքթորին երկնցնելով լեզուն կը հանե։

— Ինչ կ՛ընես։

— Երակներս քննե, լեզուս ալ նայե։

— Դո՞ւն ես հիվանգը։

— Առաջ Աստված։

— Ինչո՞ւ ուրեմն տունս նայիլ չտվիր և մինչև հոս բերիր զիս, տունս եկուր նայիմ։

— Ո՛չ, հոս պիտի նայիս։

— Ո՛չ, հոս չպիտի նայիմ, կը պոռա տոքթորը և ինքնիրեն օձիքն ազատելու միջոց մը կը խորհի։