Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գերեզման. Անդիի աշխարհին թունելը:

Խիղճ. Դուն ամեն բանի մեջ մի՛ մտնար։

Քաղաքավարություն. 3/4 շողոքորթություն:

Հարստահարություն. Իրավունք հզորագունին։

Վճարում․ Խորթ բառ մը։

Գրահաշիվ․ Վաճառականաց տետրակներուն պատուհասը։

Պատիվ. Տեսակ մը արժեթուղթ որով շատ խաղացողը անպատճառ վրա կուտա։

Հին առնելիք. Քարի կտորներ, զորս վաճառականները կը դնեն հաշվեկշիռին մեկ կողմը, որպեսզի պարտքը ծանր չկոխե։

Սնանկություն. Ա. Նվազումն դրամոց. անկարողություն պարտքեր ալ, ասիկա առաջ վնասեն և ուրիշ պատճառներե առաջ կուգար, հիմակվան վաճառականներն ճամբորդության պատճառավ կընեն․ Բ․ Խաբեբայություն։ Գ․ Դժբախտություն Դ․ Հարստանալու միջոց։

Քսակահատություն․ Տեսակ մը փոխառություն.․. չվճարելու պայմանավ։

Ազատություն. Խորհելու համար շատ, խոսելու համար բնավ։

Վաղը. Հիմակվան պարտականներուն ամեն օր գործածած բառը։

Դատողություն. Մտքին կշիռը, պակաս կշռողը կը տուժե։

Առողջություն. Անդամոց նախագահը, որուն բացակայությանը միջոցին անդամները չեն կարող գործել։

Օրենք. Մարդուս անօրեն ըլլալուն անհերքելի ապացույցը։

Համբույր. Սիրո լիազոր պատգամավորը։

Հեր. է բույս ինչ, մսեղեն բլուրներու կատարը կը բուսի, և զոր վարսավիրաները ժողվել կուտան կանանց ծախելու համար։

Ստախոսություն. Ընթացիկ դրամ։

Տգեղուհի. Ակամա առաքինի։

Երազ. Մաքի հիմարանոցը։

Չքավորություն. Օրվան խնդիր։

Բժիշկ. Գործակատար Գաբրիել հրեշտակապետի։

Աղջիկ. Գող մը, որ իր հորը տունը կը կողոպտե։

Գերեզման. Ա․ Արտ մը, ուր մարդ կը ցանեն քար կը բուսնի։ Բ. Անդիի աշխարհի թղթատունը։

Իրավունք. Ողորմություն մը, որ աղքատեն կառնվի հարուստին կը տրվի, տկարեն կը հափշտակվի հզորին կը շնորհվի։

Ազաաություն. Կանանց ամենեն ավելի փափագած բանը։

Մարմին. Բժիշկներու ստացվածքը։