Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«ԼԱ ԹՈԻՐՔԻՆ» ԵՎ ՉՈԻԽԱՃՅԱՆԻ ԽՈԻՄԲԸ

— Սա Թուրքիին¹ ի՞նչ կըսես բարեկամ։

— Ի՞նչ է ըրեր։

— Հայոց տաճկերեն արտասանությունն ծաղրեր է։

— Չուխաճյանի խումբը հայ ըլլալով, շահու համար, անցյալ տարի ազգային լեզուն օտարաց առջև ծաղու նշավակ ընելեն ետքը², Լա Թուրքին հայոց տաճկերեն արտասանությունը ծաղրելը մեծ հանցանք մէ՞։

Շահու համար խել մը մարդիկ կան, որ օտարի մը քով նստած ատեննին կսկսին ազգերնին վար զարնել և դիմացիննին շողոքորթել։ Չուխաճյանի խումբն ալ տաճկերեն ներկայացումներովն սկսելուն պես տաճիկներուն ուշքը մտնալու համար հայ մը բերավ տեսարան և տաճկերեն ներկայացման մեջ հայերեն խոսել տվավ անոր ու հանդիսականաց ծիծաղը շարժեց.․. իր ազգին վրա։

— Եվ հայերը բան մը չըրին։

— Անգամ մը գտցողը մեյ մալ չգնաց. ազգին երեսեն ընկավ, վարչությունն ալ ընկավ, բայց վերջեն անոր ասոր աղաչելով պաշտպան մը գտավ և հիմա նորեն պիտի սկսի ծաղրել յուր՛ ազգը, կեցցե հառաջադիմություն...

— Անանկ է նե՝ Լա Թուրքիին ի՞նչ երեսով բան ըսենք։

— Սա երեսով ըսենք, որ միթե հույներն կամ հրեաները հայոցմե աղե՞կ կարտասանեն տաճկերեն լեզուն և թե հայերն ի՞նչ պարտք ունին տաճկերեն լեզուն բուն տաճկի մը պես արտասանելու, քանի որ իրենց ազգային լեզուն ունին։

— Բայց Պորտեանոյին³ ինչ փույթ մեր տաճկերեն արտասանությունը, ինքը չհավնի նե թող մտիկ չընե. բայց եթե անպատճառ մեր արտասանությունը շտկել կուզե նե՝ թող վարժարան մը բանա, մեզի դաս տա, մենք ալ քիչ ժամանակի մեջ Պորտեանոյի պես կրնանք տաճկերեն խոսիլ։

— Պորտեանո արտասանութենեն մեկուն տաղանդն ալ կը գուշակե. Թորոս էֆենտի Սարաճյանին արտասանությունը չհավնելով՝ կըսե թե՝ «Փաստաբանության մեջ յուր ընկերին չափ զորավոր չէ», ինչէ՞ն հասկցեր է։ Անշուշտ արտասանութենեն։

— Ըսել կըլլա, որ պարոն Պորտեանո մարգարեության ոգի ալ ունի։

— Չուխաճյանն ինչու՞ համար կը ծաղրե կոր։

— Ան ալ օտարները իր ազգին վրա խնդացունելով ստակ վաստկելու համար։