Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ընելը հայտնելով կաղաչես ինձի, որ իր անգթությունն հարվածող ծաղրանկար մը հրատարակեմ։ Ծաղրանկար հրատարակելը հիմա խիստ դժվար ըլլալուն պատճառավ այդ խնդիրքդ չպիտի կրնամ կատարել։

Առ. Տ. Ճ. — Երեք հարյուր ոսկի տուգանքի դատապարտված ըլլալդ իմանալով ուրախացա։ Իգական սեռին պատիվը քու խաղալիքդ չէ. բժշկության այս ճյուղն ալ սորվե, որ մարդ ըլլաս։

Պարոն մատակարար Թ. — Չվայլեր քեզի, որ չորս ղուրուշի առած ելակի օխան վեց ղուրուշեն անցունես տետրակիդ։ Հավատարմությամբ վարվիս նե աղեկ կըլլա։


Առ օրիորդ Ա. — Կամ անձրևի օրերը փողոց մելլար, կամ ելած ժամանակ շրջազգեստիդ բեշերը չափով մը վեր վերցո՜ւր, որ ուրիշ օրիորդներն ալ քեզի նայելով չգայթակղին։

Առ պարոն Մ. — Թե որ այս ամիս ալ նստած խանութիդ ամսականը չտաս, խանութեն պիտի հանեն զքեզ։ Կնկանդ մեկ ծանր շրջազգեստը ծախե՛ ու սա գործը լմնցո՛ւր։

Առ տիկին Ս. — Քալվածքդ շատ անուշ է, բայց կոտրտվելդ քիչ մը չափազանց կուգա կոր ինձի, չափազանցութենե զգուշացե՛ք։

Առ պարոն Գ. — Թաղականութենե վաստկած ստակեդ քիչ մ՝ալ ընկերիդ չտաս նե քեզի պիտի հրաժարեցունեն եղեր, գիտցած ըլլաս։

Առ պարոն Հ. — Ամեն գիշեր տունը գինով երթալով կնիկդ մի՛ ծեծեր, եթե անգամ մալ ծեծես Թատրոնի մեջ պիտի անցնիս:

Առ օրիորդ Բ. — Ըրած մեղքեդ ամչնալով մարդու երես ելնելու կը խպնիս կոր։ Մի քաշվիր, հիմա այդ մեղքերն ալ մոտա եղան, եկո՛ւր, հորդ ձեռքը պագ ու ներումն խնդրե: Աստված շնորհք տա քեզի ալ, սիրականիդ ալ, աշխատեցեք գոնե, որ վերջը բարի ըլլա։

Առ պարոն Ք. — Ի՞նչ կը պոռա կոր, աղբա՜ր, պիտի տանք ըսինք ա՜. ամեն մարդ պարտք ունի, երկար ըրիր ա՜, о՜, о՜։

Առ պարոն Գ. — Կեցցե՜, քեզի սա ավանդը քովդ մնա ըսին նե գնա՜, ծախե՜, ստակն ա՛ռ ու կեր չըսին ա՛։ Ավանդը վաղը գրասենյակս գալու է, ապա թե ոչ վերջը գեշ կըլլա։

Առ պարոն Ա. — Եղբա՜յր, դուն օր մը շիտակ չպի՞տի զրուցես, չպիտի առնես նե ինչո՞ւ խեղճ աղջճիկը կը խաղցունես։ Այո՛, կամ ո՛չ, պատասխան մը տուր։