Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Առ տիկին Բ. — Ի՞նչ ըսեմ, տիկին, ի՞նչ գրեմ, ես ալ շվարեցա, մնացի: Գիտեմ, որ քանի մը շաբաթե ի վեր շատ վիշտ կը կրես, մեկ կողմեն աղջիկիդ բռնած ընթացքը, մյուս կողմե ամուսնույդ ըրած անվայել գործը չափեն ավելի տառապեցուցին զքեզ։ Քուկին աղջիկդ ո՞վ չէր առներ, որ այնչափ աճապարեց, թո՜ղ դարձյալ յուր սիրածն առներ, բայց օրինավոր կերպով առներ։ Հապա ամուսնույդ ինչ ըսեմ, որ ազնվական կնոջ մը հարգը չճանչնալով՝ գնաց, ուրիշ աղջիկ մը սիրեց և նոր տեսակ ակն ընդ ական մը ընել կարծեց, ըսելով, «Վորովհետև ուրիշ մը իմ աղջիկս սիրեց, ես ալ ուրիշ աղջիկ մը կը սիրեմ»։ Ասանկ բարոյական մը բնավ լսած չունեի։ Համբերե՛, ազնիվ տիկին, այս մասին քեզի երկար բարակ գթելիքներ ունիմ։

Առ օրիորդ Գ. — Բերանդ ժողվե՛, ամեն օր քանի մը աղջիկ ժողվելով ան ու աս մի՛ բամբասեր, աչքիդ տակը շինծու պենկ մը շիներ ես, ատ ալ սրբե՛ անկից։ Կարմիր պոյադ քիչ մը բաց է, ատ ալ կարգին դի՛ր։

Առ պարոն Թ. — Ապուշ, դու այնպես կը կարծես, որ բոլոր աղջիկները վրադ կը խենթենան։ Իրավ, երիտասարդի մը շատ հաճելի է այդպես կարծեքը, բայց երիտասարդ մը կարծելու չէ, ինչ որ հաճելի է, այլ կարծելու Է ի՛նչ որ ճշմարտանման Է, որպեսզի ուրիշները իր վրա չխնդացունե։ Դուն անանկ ընթացք մը ունիս, որ աղջիկ չհրապուրելեն զատ, դիպվածով հրապուրված աղջիկն անգամ կը պաղեցունե։ Խելքդ գլուխդ բե՜ր, փողոցե անցած ժամանակդ աչքերդ պատուհաններու վրա մի՛ տնկեր, քովեդ անցնող կանանց ալ խոսք մի նետեր։

Առ պարոն Գ. — Դուն մարդ ըլլալիք չունիս. ո՜չ առածդ գիտես, ո՜չ ալ տվածդ. պախալի մը տետրակները քու տետրակներեդ կանոնավոր են։ Դուն մեկ տարիեն պիտի սնանկանաս, ատոր համար հիմակվնե տունդ, խանութդ կնկանդ վրա դարձար, որ գոնե ան խեղճը յուր զավակներովը քիչ մը հանգիստ ընե։ Օղին առանց ջուրի մի՛ խմեր, ջուրն ալ առանց գինիի մի՛ խմեր. ասիկա ընդհանուր սկզբունք ըրե՛ քեզի և մի վախնար։