Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Առ պարոն Փ. — Կրոնամոլին մեկն ես դու․ ինձի նամակ մը դրած ես, պատասխան չունիմ տալու։ Կրոնամոլությունդ մեկդի ըրե՛, նամակիդ պատասխանը կուտամ։ Մնաք բարով։


Առ տիկին Հ․ Բ. — Եթե քու տանդ մեջ պատահած դեպքը ստորին կարգի ընտանիքի մը մեջ պատահեր՝ արդյոք ո՛րչափ պիտի բամբասեիք այդ ընտանիքը։ Կարծեմ գլուխնուդ եկած այս փորձանքը համոզեց զձեզ, որ ստորին կարծված ընտանիքները ազնվական ըսված քանի մը ընտանիքներեն հազար անգամ ազնիվ ու պարկեշտ են։ Այս վիճակիդ մեջ չեմ ուզեր քու ցավեըդ նորոգել, այլ կուզեմ զանոնք թեթևցնել, խրատելով՝ որ աղջիկդ դուրսեն բերել տալով իր սիրականին հետ կարգես ու ամուսնուդ հետ ալ հաշտվելով՝ հասարակաց լեզուն լռել տաս։ Ձեր ազնվականությունը կը պահանջեր, որ ձեր ազնվականության պատիվը պահելու համար այս գաղտնիքները դուրս չհանեիք։ Ներե՛ աղջկանդ, որովհետև այդ տարիքի աղջիկները կրնան խաբվիլ, որչափ ալ անմեղ ու պարկեշտ ըլլան, ներե՛ նաև ամուսնուդ, որովհետև ազնվականության մեջ ատ հանցանքներր սովորական բաներ դարձած են։

Առ Կ. Թ.— Ես ուրիշին կատակ կընեմ, քեզի ի՞նչ, դուն ինչո՞ւ խնդրույն մեջ կը մտնաս կոր։ Եթե դուն բան մը ըրած չունիս՝ ինչո՞ւ վրադ կառնես կոր։ Ես քուկին բանթալոնիդ ու թեթևությանդ համար բան մը ըսի՞։ Կը խնդրեմ, որ զգույշ վարվիս։

Առ տիկին Ս. — Հա՛, այսպես քալելու ես, քալվածքդ հիմա քիչ մը կարդի մտավ։ Գեշ սովորություն մը ունիս, տիկին, փողոցի վրա հանդիպած ամեն բարեկամներուդ հետ երկար խոսքեր կընես և իրիկունը ժամը կեսին տունդ կը դառնաս։ Ասոնք աղեկ բաներ չեն, փոխե այդ սովորությունդ։ Ճերմակն ալ քիչ մը քիչ քսե։

Առ պարոն Թ. — Չպիտի տամ, չպիտի տամ, ըսելիք մը ունի՞ս. ինձի հանձնված ավանդը տիրոջդ դարձունելու պարտավոր եմ: Սերդ շատ հայտնի կ՝ընես կոր ընկերությանց մեջ. առջի գիշեր բոլոր աղջիկները վրադ խնդացին։

Առ օրիորդ Ա. — Ղրկած նվերդ ընդունեցի. մեծապես շնորհակալ եմ։ Վաղը գիշեր Թ... աղային տունը պիտի երթանք, եղբորդ հետ դուն ալ եկո՛ւր, իրեն շատ ըսելիքներ ունիմ իր գործին վրայոք։

Առ. պարոն Տ. — Հա՛, հա՛, հա՛, աղջիկ ուզեր և տեղե մը ու