Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Առ պարոն Ս․ — Աս ի՞նչ է, քթեդ իյնողը հազար կտոր կըլլա, հարուստ ես նե ինձի օգուտ ունի՞ս. կամ ինձի չափ ազգին ծառայած ունի՞ս, որ պարտավոր ըլլամ զքե՛զ տեսած ատենս գետնեն խոնարհություն ընել, բանդ գնա՛, էֆենտի՛, ես քեզմե շատ օգտակար անձ մեմ, թե՛ մարդկության և թե՛ ազգիս, քեզի կը վայլե գետնին տակեն բարևել զիս։

Տեր հայր. — Կարծեմ որ քու պարտքիդ համար ժամկոչը բանտի մեջ պառկեցունելը քիչ մը անիրավություն է։ Գիտեմ, որ դուն ալ նեղ վիճակի մեջ ես, բայց քիչ մը հոգ տար ու խեղճ ժամկոչը սա փորձանքեն ազատե։

Առ պարոն Գ. — Մենք փառք տալու ենք Աստուծո. Մշակին խոսքին նայելով՝ Ռուսիո հայերը ազգության զգացումնին բոլորովին կորուսեր են, մինչև անգամ առաջարկեր են Մշակի խմբագրին, որ հայերեն լրագիր չի հրատարակե։

Առ օրիորդ Ծ. — Այդ երիտասարդը չեմ ուզեր, ըսե՛, լմննա երթա, ի՞նչ հարկ կա անօգուտ խոսքերով ծնողացդ գլուխը ցավցնելու։

Առ տիկին Ի. — Տիկի՛ն, ներեցե՛ք, խահվեի մեջ այսչափ նոհուտ չեն դներ։

Առ պարոն Դ. — Անձրևի օրերը կամ լասթիք մը ա՛ռ և կամ տուն մը գտցած ատենդ պոթիններդ հանե՛ ու այնպես վեր ելի՛ր, որ տախտակները կամ գորգերը չմնտռես։

Առ օրիորդ Ե. — Ո՛րչափ նազիք եք, լասթիքներդ ձեր ձեռքովը հանեք նե չըլլա՞ր, ա՜հ, օրիորդ, ձեր լասթիքերթ սպասավորներուդ հանել մի՛ տաք, չգիտեք, թե ինչ կզգա այն սպասավորը, երբ ձեր փոքրիկ ոտքերը իր ձեռացը մեջ կը գտնե... գթությո՜ւն, օրիորդ, գթությո՜ւն։

Առ օրիորդ Ս. — Հավերուն կեր պիտի տամ ըսելով՝ Տավնոցին ետևեն պարոն... Մ...ին հետ տեսակցիլդ քիչ մը պաղ կերևա կոր ինձի։

Առ պարոն Վ. — Բարեկամ, քիչ մը բացեն. քուկին միտքդ ձուկ որսալ չէ, ապուշ չենք, այն չափ կը հասկնանք... նավակին մեջ նստիլ ու յալըներուն առջև երկաթ նետել, հե՜... նավուդ առագաստները բաց նայիմ։


Առ պարոն Հ. — Քեզի ի՞նչ կըլլա կոր, կ՝ուզես նստե, կուզես գնա՛, ուրիշներուն զբոսանքին արգելք ըլլալու ի՞նչ իրավունք ունիս։