Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Առ պարոն Մ. — Բարեպաշտ մարդ մը կերևայիր դուն, բայց հինգ հարյուր ղուրուշի համար երդում ըրիր ու խեղճ մարդուն ունեցած պարտքդ ուրացար։

Առ օրիորդ է. — Խեղճ Խ...ը ապուշ դարձուցիր, մեղք է տղուն, վերջնական կերպով պատասխան մը տուր իրեն, որ ա՛ն ալ ընելիքը գիտնա։

Առ օրիորդ Լ. — Կաղաչեմ, հրամանքդ քիչ մը ասդին եկուր, պարոն Ժ...ն անհանգիստ եղավ։ Փառք Աստուծո, սենյակը մեծ է, իրարու քիթ մտնալը ի՞նչ պիտի ըլլա։


Առ պարոն Մ. — Քեզի ալ Աստված համբերություն տա, բայց իմ գիտցածս ես նե շատ չես մնար այդ վիճակին մեջ։

Առ տ. Զ․ — Գատը գյուղի օդը գե՞շ եկավ, որ օդափոխության ելաք, տիկին։

Առ օրիորդ Ե. — Կայնե, դուն ալ մեղք ես, հորդ հետ խոսիմ, որ քեզ այն ժամագործին տա, որ դուն ալ ազատիս, խեղճ բիյանոդ ալ քու ձեռքեդ ազատի, որ պաղրը յանըքեն ուրիշ բան չալած չունի խեղճը։

Առ տիկին Լ. — Ա՛լ քենե վախցա, այն մեկալ գիշերվան մարդուդ կլլեցուցած տոլմատ Ենի ճամիի մեջ արապ կնիկներուն ծախած տոլմայեն մեծ էր։

Օրիորդ Կ. — Ի՞նչ է ան, օրիո՛րդ, ո՞վ կուզես... երկու ժամե ի վեր է, որ թաշկինակովդ մեկը կը կանչես. ի՞նչ կ՝ուզես, ինձի ըսե՛։

Պարոն Մ․ — Տունեն քեզի կսպասեն կոր, բարեկամ, ժամը երկուքին միջոցն երբ փողոցի մը մեջ մեյ մը վար երթալ, մեյ մը վեր երթաքդ ի՞նչ ըսել պիտի ըլլա։

Պարոն Ն. — Թավուք կեոքսյուն մինակ ուտել հա՛, կտորկիկ մալ բարեկամաց համար չեն պահեր։

Կ. Թ. — Ղրկած քազմիրդ առի, խումաշը Մասիսի թուղթին խումաշին կը նմանի կոր, մեկ կողմեն մեկալ դին կերևա կոր։

Պարոն Պ. — է՜յ, պարսի՞կ ես, ինչ ես, իշուն ոտքը ճզմվեցավ, չնայի՞ս։

Պարոն Թ. — Դո՞ւն ալ պակաս կը չափես եղեր, ալ ասկից ետքը ո՛րու վստահություն ընելու է։

Տիկին Հ․ — Տիկի՛ն, դուն ինչո՞ւ ուրիշին գործին կը խառնվիս և պարապ տեղը անկե ասկե կը բամբասվիս։

Առ պարոն Ք. — Դուն ալ քիչ մը ինքզինքդ վար դիր ու բերանս բանալ մի՛ տար, վերջը կը զղջաս։