Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Առ պարոն Հ. — Եղբա՜յր, անցյալ գիշեր համալով տուն տարեր են քեզի. գոնե մտածե՛, որ այնպես ցեխոտ փողոցներուն մեջ խիստ հավանական է, որ համալին ոտքը սահելով քեզի այնպիսի ուժով քարահատակին վրա ձգե, որ գլուխդ պայթելով՝ հավիտյան չկրնաս խմել այն այնչափ սիրած օղիդ։


Առ տիկին Ն. — Տիկի՜ն, եթե իրմիկ հելվասին չի պիտի եփեիք, ինչո՞ւ խաղացիք թավլուն ու հաղթվեցաք, եթե այս կիրակի ալ չեփեք, ո՜չ, ո՜չ, կ՝աղաչեմ, որ եփե՛ք։


Առ տիկին Ա. — Իմացա, որ բոմաթայի տեղ քոզմեթիք կը գործածեք եղեր, կը խրատեմ ձեզի անոր գեշ տեսակեն զգուշանալ, որ գլուխդ մազերը մեկ հատ մը չի թողլով՝ կը թափե, և անկից զատ, տիկի՜ն, այն քոզմեթիքն, այն թշվառական քոզմեթիքն էր, որ վերջին օրերս ընտանյաց մը աղետիցը պատճառ եղավ։


Առ օրիորդ Թ. — Մեծ կեր, մեծ մի խոսիր, ես այնպես կը կարծեմ, որ դուն բուտռայեն ալ ճերմակ ըլլալուդ համար է, որ բուտռա չես քսեր երեսիդ և ոչ թե պարզասիրության համար, եթե քիչ մը թուխ ըլլար մորթիդ գույնը, վստահ եմ, որ դուն ալ այն տեիրժենեն ելածներուն պիտի նմանեիր։


Առ պարոն Հ. — Անունիդ դյուցազնը թե գեղեցիկ էր և թե խելացի, արդյոք ի՛նչ աղետալի դիպվածքով դուք անոր մեկ ծայրահեղ հակապատկերն եղած եք։


Առ պարոն Մ. — Եղբա՛յր, դուն տասը կամ տասնհինդ ոսկի ամսական կառնես. կառքն ու ձին ուսկի՞ց գողցար։ Ի՞նչ է, այս, Պեռյուկտերեի փողոցեն կիրակի օրերը հազար անգամ կառքով կ՝անցնիս կը դառնաս։ Կառքն ու ձին տա՜ր, տիրոջը հանձնե և գեգացին վրադ մի՛ խնդացուներ։ Մնաք բարով։