Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Առ պարոն Լ. — Իրավունք չունի՜մ, օրիո՛րդ, քեզի բարկանալու, դուն պատճառ եղար սկամպիլի բարթին կորսնցնել տվիր. ես թաղլըյով կոտրե՛ ըսի, դուն աղջիկը նետեցիր, անոնք ալ աղջիկը կոտրեցին։ Ասոնք հիմա էքմեք քատայիֆի կ՝ուզեն կոր, էքմեքթ դյուրին է, բայց քատայիֆթ ի՜նչպես ընելու է, չգիտեմ, թաղլըն կոխեիր նե չէինք կորսնցներ։


Առ պարոն Դ. — Իրավունք չունիք օրիորդ Ս...ին նախատական խոսքեր ուղղելու, աղջիկ մը պետք է յուր սիրածին հետ ամուսնանա։

Առ պարոն Ե. — Քուկին ալ գործիդ չեմ կրնար խելք հասցունել. վաստակս քիչ է կ՝ըսես ու աղվոր կը հագվիս, կը սքվիս, ոսկիե ժամացույց կը գործածես, սետեայուլ կը պտըտիս. արդյոք աղջիկ մը խաբե՞լ է միտքդ։․

Առ պարոն Զ․ — Քիթդ խառներ։

Առ պարոն Ը. — Դուն ալ բանթոլոնիդ կոճակները մի մոռնար, մանավանդ ընտանիքի մեջ գտնված ատենդ։

Առ օրիորդ Ի․ — Տեքոլթեդ քիչ մը չափավորե, մեջքդ ալ քորսեյnվ այնչափ մի՛ սխմեր։

Առ օրիորդ Ի. — Մեյ մ՝ալ շունդ քովդ առած պատուհանի առջև նստա՛ծ ատենդ թող մի տար անոր, որ ինձի հաջե։ Ես օտարական չեմ։

Առ օրիորդ Ծ. — քաչտը ե՜րբ պիտի խաղանք։

Առ օրիորդ Ե. — Պատառաքաղդ միշտ վար կը ձգես, որ առնելու համար ծռիս ու սիրականիդ ոտքերը սխմես, հա՛. պա՛տառաքաղդ վզեդ կախե՛, որ մեյ մ՝ալ վար չիյնա։


Առ Ն. Պ. և օրիորդ Ս. — Դուք շատ աղեկ կ՝ընեք, եթե իրար մոռնաք բոլորովին, ինչու որ, եթե այսպես շարունակեք, խելքերնիդ պիտի կորսնցունեք, լավագույն է խելքով ետ կենալ սիրահարութենե, քան թե սիրահարութենե խելքը թռցունել։

Առ պարոն Գ. Բ. — Դու ալ ինչո՞ւ այդչափ կը պարծիս շատ լեզու գիտնալուդ վրա, մեկեն ավելի ձայներով բանի մը անունը տալը այն բանին վրա հմտություն ունենալ չէ բնավ։