Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Առ պարոն Արգոս. — Սա խեղճ Հ. Կ-իդ¹¹ օձիքը չես ձգեր դեռ. մեղք է տղուն. հավեսը փորր մնաց։

Առ պարոն Հ. Կ. — Դուն ալ, տղա՛ս, պարոն Արգոսին ձեռքը պագ և մեյ մըն ալ անանկ բաներ մի գրեր։

Առ պարոն Չերազ. — Հայցական սեռի խնդիրներուն հայցական բայտեր մըսեր։ (Ազգ. Դաս. երես 124)։

Առ պարոն Լրագիր¹². — Գուշակություններդ աղեկ, բայց աս երբեմն երբեմն հայերեն բառերուն քով գաղղիերենները դնելդ ի՞նչ... թյուն Է, գիտենք որ գաղղիերեն կը սորվիս։

Առ պարոն Փունջ¹³. — Ածականներու խնայողություն, տեր խմբագիր, բառարաններու մեջ բան չի մնար կոր։

Առ պարոն Սվաճյան․ — Օսմանյան սահմանադրությունը չէ ձեր թարգմանածը. ուրիշ բան մը ըլլալու Է. Աստվածդ կը սիրես նե նայե անդամ մը։

Առ պարոն Պ. — Կառտ նասիոնալ հեո... քյուրքերդ ո՞ւր կը պահես կոր պիր ըսած ժամանակդ։

Առ պարոն Պ. Վ. — Մեծ մարդու հետ պարտած ատենդ բարեկամիդ բարև չես տար, հե՜, անմիտ, կը կարծես, թե մեծ մեկուն հետ պարտելով դուն ալ մե՜ծ եղած կըլլաս։

Առ տիկին Ֆ. — Բան մըսեմ, մի՛ սրդողիր, տիկի՛ն, Էրկնեդ ավելի հագված, սքված, սպասավոր մը ետիդ ձգելով մեծ փողոցեն վար իջնալուդ թևդ առ մարդը և պարահանդես գնա՛։

Առ լորտ Սալիզարի. — Ազնիվ լորտ, ի սեր Աստուծո՝ հայ վարժապետաց խնդիրն ալ քոնֆերանսին մեջ մտցնել տվե՜ք. չեք գիտեր ինչ կը քաշեն խեղճերը դարերե ի վեր։

Առ վարժապետս. — Դուք ալ, խեղճ արարածներ, կաղանդը կը մոտենա կոր. գոնե խալպ խայմե չառնելու համար բան մը մտածեր եք։

Առ օրիորդ Վ. — Տաղ Համամին հայ երիտասարդին խըթըլխի՞ն եկար, որ ելեր ես հրեայի մը հետ սիրահարություն ընելու, ի՞նչ կ՝առնես հրեայեն, ան հայ չըլլար և մեղք չէ՞ քեզի ալ, որ հրեա ըլլաս։


Առ տիկին Վ․ — Տիկի՛ն, կարծեմ ձեզի անգամ մը ըսինք, որ պոթիններդ սպասավորին քաշել մի՛ տար։

Առ պարոն Կ. — Պարո՜ն, անցյալ կիրակի եկեղեցիեն ելած ատենդ առած նոր հովանոցդ տիրոջը տո՛ւր։