Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կերտանին վրայի բիրեն առնել, ինչ որ է, եղածը եղած է. ուրիշ անգամ զգուշացի՛ր։ Թեպետև քուկին միտքեդ չարություն մը չանցնիք կոր, բայց ի՞նչ օգուտ, գործը անվայել է։

Առ օրիորդ Ի. — Ապրիս, շա՛տ պարկեշտ աղջիկ մը կըլլաս կոր, միայն կը խնդրեմ, որ վնասակար վեպեր չկարդաս։

Առ տիկին Ջ. — Տիկի՛ն, ես քու ճանչցածներեդ չեմ, աչքերուդ սյուրմե մի՛ քաշեր, որ ես ալ զքեզ չբամբասեմ. վազ անցիր ատգեշ սովորութենե...

Առ պարոն Մ. Գ. — Այո՛, իրավունք ունիս, բայց չվայլեր, որ զինքը կսմթտես։

Առ օրիորդ Վ. Լ․ — Այն երիտասարդը չմերժեիր նե՝ գեշ չէր ըլլար, երիտասարդը պարկեշտ և խոհեմ է. դարձյալ դու գիտես։

Առ տիկին Բ. Գ. — Տիկին, կարծեմ ինքզինքդ շատ ուրախության տված ես. դուն հիմա աղջիկներուդ դաստիարակությանը պիտի աշխատիս և ոչ թե շաբաթը երկու, երեք անգամ ատ երաժիշտին հետ խաղ պիտի կանչես։

Առ պարոն Ն. Շ. — Ես ատանկ ըլլալը գիտեի, բայց ձեր մեջը խռովություն չձգելու համար լուռ կեցած էի. հանցանքը ավելի տիկինին է, քան թե օրիորդին։

Առ պարոն Մ. Տ. — Դուն ալ քիչ մը լեզուդ կարճ բռնե՛. ամեն խոսքին պատասխան չեն տար. եթե այս ընթացքդ չփոխես, բնավ կարգվելիք չունիս։

Առ պարոն Մ. Տ. — Դուն ալ աղջիկ մը չկրցար գտնալ, և չեմ կարծեր, որ կարենաս գտնալ, մինչև որ ես Թատրոնիս մեջ ծանուցում մը չընեմ։

Առ օրիորդ Ծ. — Ամեն խոսքին չեն խնդար, ամոթ է ֆիստանդ ալ շատ վեր մի՛ վերցուներ։

Օրիորդ Բ. Լ. — Օրիորդ, պատուհանին առջև կեցած քանարյան սիրած ատենդ մյուսյու Պաթիսթին շատ մի նայիր։ Կուզես նե մեյ մ՝ալ քանարյան սենյակիդ մեջը սիրե։

Առ տիկին Պ. Մ. — Տիկին, քեզի ալ քանի անգամ ըսինք, որ իրիկունները էրիկդ չեկած տունը գտնվե, որ ծեծ չուտես։


Առ օրիորդ Ա. Սկյուտար. — Օրիո՛րդ, ծանր գլուխ եղի՛ր։ Ինչո՞ւ աս ու ան երիտասարդին վրա խնդալու ելնելով ու աս կամ ան լրագրին մեջ վրադ բան գրված է ըսելով ինքզինքդ ծիծաղելի կընես և զեվզեկ պատվանունը կստանաս։ Նորեն կըսեմ, ծանր կեցի՜ր, որ արժեք ունենաս։