Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այն որ կը հաջողի Խառն ժողովո որոշումն գործադրել չտալ, միթե չկրնար ուրիշ բոլոր ժողովներու որոշումները մեկ վայրկենի մեջ ոչնչացնել։

Հիմա կը մնա մեզ տեսնել, թե սրբազան Պատրիարքն ու Խառն ժողովն իրենց որոշման գործադրությունն Նար-Պեյի մը նամակով ետ մնալը լսելով՝ իրենց որոշումն պիտի հարգել տա՞ն, այսինքն Խորեն սրբազանի նենգությունն պիտի խայտառակե՞ն, թե անտարբեր մնալով, նենգության իլամն իրենք պիտի հագնին։

Սպասենք։


ՆՈԹԱՃԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

Համբարձում աղա Չերչյան հայ երաժիշտն, որ եկեղեցական երգերուն մեջ ունեցած հմտութենե զատ արևելյան եղանակաց քաջածանոթ և յուր հեղինակություններովն համբավավոր եղած է, քանի մը ամիսե իվեր մայրաքաղաքս կը գտնվի։

Համբարձում աղան հինգ-վեց տարիե իվեր գավառաց մեջ դասատվություն կըներ։ Քանի մը տարի առաջ զրույց ելավ, թե մեռած է, նոր Ղազարոսն¹ հարություն առնելով հոս եկեր է, որ հոս մեռնի... և չենք վարանիր ըսելու, թե քանի որ մեր ազգն տաղանդավորներն ու հեղինակներն քաջալերելու մեջ ծանր կը վարվի, Համբարձում աղան կրնա քանի մը ամսեն անոթութենե մեռնիլ։

Բայց մյուս կողմեն ալ կը լսենք, որ մայրաքաղաքիս ձայնավորներեն ոմանք, իրեն ամսական մը պիտի հատկացունեն ու իրմե դաս պիտի առնեն եղեր։ Կը փափագինք, որ մեր այս լսածն ստույգ ըլլա, և կը ցանկանք, որ հայ երաժիշտներն բոլոր ճիգերնին թափեն իրենց վարպետին խաղաղ ու երջանիկ կյանք մը անցունել տալով իրմե օգուտ քաղելու։


ԲԱԽՏ ԿԸ ՆԱՅԻՆՔ

Թատրոնն ասկից առաջ յուր ունեցած հեռատեսությանն և ապագային մեջ պատահելիքներն անվրեպ գուշակելուն պատճառավ շատ մը հաճախորդներ քաշեր էր իրեն, որոնք ամեն օր կուգային և Թատրոնն ալ անոնց բախտը կը նայեր։

Քանի մը ամիսե ի վեր է, որ դադրած էինք ուրիշներու բախտը նայելե։ Հիմա, որ շատերը կուգան և. կաղաչեն մեզի իրենց բախտը նայելու, մենք ալ իրենց աղաչանքն ընդունելով այսօրվնե կսկսինք իրենց ճակատագիրն իրենց ըսել։