Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹՈՀԱՖՃԻ ԲԺԻՇԿԸ

— Խոսե՛ տեսնեմ, Խիկար¹, ի՞նչ լուրեր բերիր։

— Ի՞նչ լուր պիտի ըլլա, երեկ գիշեր աղջկանս հետ սարսափելի կռիվ մը ըրի։

— Ինչո՞ւ։

— Ասկից մեկ երկու ամիս առաջ աղջիկս հիվանդ եմ ըսավ, կողս կը ցավի, փորս կը ցավի, ձեռքս կը ցավի, գլուխս կը ցավի, ոտքս կը ցավի, կուրծքս կը ցավի, կռնակս կը ցավի, ըսելով ինձի մոտիսթրա մը բեր ըսավ։

— Մարդս հիվանդանա նե բժշկի տեղ մոտիսթրա՞ կ՝ուզե։

— Ի՞նչ գիտնամ, շատ աղեկ ըսինք, մոտիսթրա բերինք ու նոր հագուստ շինեցինք։ Ասոր վրա ելավ, որ օդափոխության համար Սարը յար երթանք։ Ես ալ, ինչպես որ սովորություն է՝ ժամացույցս ծախելով, բարեկամներես փոխ ստակ առնելով ելանք գացինք։

— Աղջիկդ առողջությունը գտա՞վ գոնե։

— Առողջության խո՞սքը կըլլա, սիրական մանգամ գտավ։

Գետնին տակը անցնի..․

— Ի՞նչպես։

— Կեցի՛ր, որ պատմեմ։ Ասիկա հիվանդ եմ, ըսելով, այս ինչ բժիշկը բերեք ըսավ։ Շատ աղեկ, ըսինք, ըսած բժիշկը բերել տվինք։ Բժիշկը սկսավ գալ, առտուն անգամ մը կուգա, կես օրին ալ կուգա, իրիկվան նորեն կը հանդիպի, վերջապես առտվնե մինչև իրիկուն տունեն դուրս չելներ։

— Որպեսզի բացակայությանը միջոցին հիվանդությունը չգա։

— Երբեմն ալ խրատ կուտա մեզի, որ աղջիկը օրը քանի մը անգամ ծովեզերքը պտըտի, որ բացվի, մենք ալ իր հրամանները կետ առ կետ կը կատարենք կոր։ Բայց եկու տես, որ աղջիկը ըռնըտնալիք չունի, ո՛ֆ, կըսե, կռնակի վրա կը պառկի, բյո՞ւֆ, կըսե, երեսի վրա կիյնա, ա՛հ կըսե, ոտք կելլա, վա՛հ, կ՝ըսե, կը նստի։ Բժշկին կը հարցունենք նե բան մը չէ, կ՝անցնի կըսե։

— Վե՞րջը։

— Վերջը կը նայինք, որ օդափոխությունը աղեկ չգար կոր. առջի տուներնիս կուգանք, բայց հիվանդությունը վրայեն չերթար։

— Վերջապես․․.

— Վերջապես երեկ իրիկուն սենյակիս մեջ միս մինակ նստած ատենս, աղջիկս ներս կը մտնե։ — Հայրի՛կ, քեզի գաղտնի