Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԽԻԿԱՐԻՆ ԵՐԱԶԸ

— Բարի՛ եկար, հայր Խիկար։

— Բարով տեսանք, ինձի աթոռ մր տո՛ւր, գեշություն եկավ վրաս... պիտի մարիմ...

— Պիտի մարի՞ս... մարելու ի՞նչ կա, խելքդ գլուխդ բեր, բաղնիքի մեջ չենք...

— Հիմա մարելու համար ելնելու ջուրերը երթալու չէ ա՛, հոս ալ կրնամ մարիլ... լիմոն բերեք։

— Բայց ինչո՞ւ պիտի մարիք...

— Խաղաղության հաստատ մնալուն համար պիտի մարիմ, որովհետև քառասուն օր է ծոմ կը բռնեմ կոր և խաղաղություն չունիմ, շուտ ըրե՛ք, լիմոնը։

— Վարդապե՞տ պիտի ըլլայիր, որ քառասուն օր ծոմ բռներ ես։

— Ստակ մը չմնաց վրաս։

— Պաշի պոզուխներո՞ւն հանդիպեցար։

— Այո՛, առանց գործի մնացի, անգործությունը անանկ պաշի պոզուխ մ՝է, որ մարդուս վրա բան չթողուր, լիմոնը տո՛ւր։

— Ինչո՞ւ անգործ մնացիր։

— Անոր համար, որ, շիտակ լուր բերողներուն ստակ տվող չկա, օրը հարյուր սուտ կելլա կոր։

— Կերակուր բերեք Խիկարին։

— Շնորհակալ եմ, աստված զիս Թատրոնեն չզատե։

— Խոսե՛ տեսնենք, երեք ամիս ի՞նչ ըրիր։

— Հիսուն օր քնացա, քառասուն որ ալ ասդին անդին պտտեցա։

— Քունդ պարա՞պ անցուցիր։

— Չէ՛, քունիս մեջ բավական բաներ տեսա, շատ անգամ ալ քեզի հետ տեսնվեցա, քուկին միտքդ չգա՞ր կոր աշտարակին վրա խոսելնիս։

— Չէ՛։

— Կեցիր, համառոտիվ պատմեմ ուրեմն։

Գիշեր մը ժամը երեք ու կեսին միջոցները Թոփհանեին առջև ձի մը հեծա և սկսա վազել դեպի երկինք. Աստված բարին կատարե։

— Սլուրիճին ալ ետևեն կը վազե՞ կոր։