Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Մինչև որ ստակը չառնեն նե անոնք ձիուն պոչեն կը բաժնվի՞ն։

Բարձրանալով բարձրացա և երկնքեն երեսը գտնվող գիսավոր աստղի մը պոչեն բռենեցի, Աստված բարին կատարե։ Այս միջոցին մեկրը հյուսիսը սկսավ սաստկաշունչ փչել, ես ալ գիսավորին պոչին փաթթված սկսա օդին մեջ տարուբերիլ հյուսիսեն դեպի արևմուտք, արևմուտքեն դեպի հյուսիս։ Հյուսիսային կողմը նվագածուին մեկը առջևը նոթա մը առած, վրան նայելով խաղ մը կը կանչեր․ արևմտյան կողմն ալ երկու երեք հոգի նստած՝ օբերա կերգեին։ էհ, կըսեի մտքովս, դուք խաղ կանչեցեք, ես ասանկ օդի մեջ պարեմ։ Այս խոսքս լմնցնելու չմնաց, այդ երեք հոգիներեն մեկը ձեռքը լուսթրոճիի վրձին մը բռնած եկավ ասդիի մարդուն առջևի նոթային վրա քսելութ ավրեց զայն։ Աս ավրվելուն պես գիսավորին պոչը բրթավ և ես ալ ինքզինքս աշտարակի մը վրա տեսա, Աստված բարին կատարե։ Բնակա՛ն է, որ աշտարակի վրա մնալն ավելի քիչ վախ կուտա մարդուս՝ քան օդի մեջ տարուբերիլը. ուստի, սիրտս քիչ մը հանգստացավ։ Աշտարակեն վար նայեցա, որ ամեն ազգե շատ մը գործավորներ իրարու հետ կը խոսեին, առանց իրարու խոսք հասկնալու, այս տեսածիս պես՝ ըսի մտքովս, Ընդհանուր ժողով գումարվեր է հոս, սահմանադրության վերաքննության վրա վիճաբանելու համար, սակայն, կըսեի, օտարականներն ի՞նչ գործ ունին այս ժողովին մեջ։

— Այդ օտարականներն ի՞նչ գործ ունին եղեր հոն։

— Այդ կետը հասկնալու վրա էի, երբ զքեզ տեսա և ուրախութենես արթնցա։

— Քու արթննալեդ ետքը, օտարականներն հոն մնացի՞ն, կըսես։

— Չեմ կարծեր, իմ արթննալես ետքը, ամենն ալ ցրված ըլլալու են։

— Ինչե՞ն գիտես։

— Անկից գիտեմ, որ հրեային մեկը խոսք կոպեմ, խոսք կուզեմ ըսելով արյուն քրտինքի մեջ մտավ և իրեն ոչ թե միայն խոսք չտրվեցավ, այլ ի կարգ հրավիրվեցավ սա հայտարարությամբ, որ եթե անգամ մալ խոսք ուզե պաշտոնեն կիյնա։

— Ակռաներդ սխմելով չէի՞ր կրնար քիչ մալ քնանալ և սա բազմության ինչ ըրածն աղեկ մը հասկնալ։

— Թող կուտա՞ն մարդուս, որ ուզածին չափ երազե։

— Հիսուն օրվան մեջ ուրիշ երազ չտեսա՞ր։