Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեր լրագիրներուն մեջ ամենեն մեծ տղան Սթանպուլն է¹:

Սթանպուլն օր մը չգիտեմ ուր Սսահմանադրություն մը տեսնելով պոռաց.

— Սահմանադրություն կուզեմ։

— Ասոր ետևեն սկսան գրեթե յուր բոլոր ընկերները պոռալ․

— Ես ալ կուզեմ։

— Ինձ ալ տվեք։

— Ես աս կերպով կուզեմ, պոռաց Պասիրեթը:

— Ես անկից չեմ ուզեր, անիկա թող քեզի ըլլա, աղաղակեց Նորագիրը²։

— Ես ասանկ կուզեմ, ըսավ Սապահ:

— Ես անանկ կուզեմ, գոչեց Վաքըթ³:

— Կտոր մալ ինձ տվեք, ըսավ ուրիշ մը։

Ինչպես հայտնի կերևա, ոչ միայն ուզեցին, այլ յուրաքանչյուրն ճաշակին համեմատ ուզեցին։

Ուզեցին առանց գիտնալու, սակայն, թե տղա մը շատ անգամ անկարելի բաներ կուզե, առանց գիտնալու, թե տղու ամեն ուզածը չտրվիր։

Տղայոց այս ուզածին շահավոր կամ վնասակար ըլլալուն վրա առանց կարծիք հայտնելու, կըսենք՝ թե տղայք սպասելու են սա վստահությամբ որ, ինչ որ կարելի է կը տրվի իրենց։

Մեր տղայք ոչ թե միայն այս չըրին, այլ շաքարը չտեսած՝ ես անկից կուզեմ, դուն ասկից կուզեսի վիճաբանությամբ ստիպեցին տպագրական տեսչությունն իրենց հայտարարել, որ խելոք նստին ու եփվելու վրա եղող բանին վիճաբանությանը չմտնան։

Այս հայտարարության վրա տղայք լեզունին քաշեցին և հիմա խաղաղություն կը տիրե լրագրաց մեջ, ոչ միայն խաղաղություն այլ նաև ճշմարտություն — այս մասին միայն — որովհետև քանի մը շաբաթե ի վեր լրագրության հորիզոնը գիսավոր սուտերով զարդարված Է։

Սպասենք ուրեմն, տեսնենք արվելիք բանն ու վերջը կարծիք հայտնենք։


ԱԿՆԱՎԱՃԱՌՆԵՐ, ԿՆԻԿՆԵՐԵՆ ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք

Ըսել չեմ ուզեր, թե մյուս մարդիկ կնիկներեն չզգուշանան, բայց պատմելիքս ակնավաճառներու վերաբերյալ չլալուն համար,