Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ինչ կըսեք, երեսուն հազար ֆրանքս տո՛ւր երթամ, սենյակը գործ ունիմ։

— Աղջիկը քու սերդ մերժե՞ց։

— Կատակի ատեն չէ, ձգե՛ Աստվածդ սիրես, երեսուն հազար ֆրանքս տո՛ւր, երթամ, կամ գոհարեղեններս ինձի դարձուր։

— Խեղճ տղա՛, այդ աղջկան համար երեսուն հազար ֆրանքե՞ ելար, ուրիշ բան մը չտվի՞ր իրեն։

— Ի՞նչ կըսեք կոր, հետս կզբոսնո՞ւք, երեսուն հազար ֆրանքս կուզեմ ես, կամ հիմա զքեզ կը խղդեմ։

— Թշվա՜ռ տղա, ուսկի՞ր ալ այս հիվանդությունը վաստկած ես։

— Ի՞նչ կըսեք, կնկան մեկը մեր սենյակը եկավ, երեսուն հազար ֆրանքի գոհարեղեն առավ և քու անունդ տալով ըսավ՝ թե հետս եկուր, որ ստակն անկիր առնես, ստակները կուտա՞ք, չէ նե ընելիքս ընեմ։

Բժիշկը կամաց կամաց կսկսի հավատալ, որ գողության մը անմեղ միջնորդն է եղեր, ակնավաճառն ալ կը հասկնա, որ բժիշկը հանցանք չունի, տունեն դուրս կելնե գողուհին փնտրել տալու համար։

Թող այս դեպքը կարդացողները աղեկ համոզվին, որ կանանց խոսքին հավտալու չէ։


ԵՐԿՈՒ ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐՈՒ ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

— Խիկար, ինչո՞ւ կը խնդաս։

— Անոր համար կը խնդամ, որ առջի օրը վարժարանի մը մեջ կը գտնվեի, ակնորավոր վարդապետ մը եկավ և հոն գտնվող ուրիշ վարդապետի մը քով գնար։

— Ասոր մեջ խնդալու ի՞նչ կա, երկու վարդապետ իրարու հետ չե՞ն կրնար տեսնվիլ։

— Նոր եկողին ձեռքը թուղթ մը կար, վրան նայելով հասկցա՛, որ Կրոնական ժողովին համար ընտրելի կը պատրաստեն կոր։

— Հոս ալ խնդալու բան չկա։

— Երկուքն սկսան խոսիլ. մին հարցուր — Խրիմյանի անունը դնե՞ս պիտի. — Քավ լիրի, ըսավ մյուսը, ըլլալու բա՞ն Է։

— Հոս ալ խնդալու բան չկա։