Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կը խնդրեմ, որ գրաբերիս անպատճառ երեք ոսկի տալու շնորհն ընեք. շատ պետք ունիմ. բարեկամության մեջ իրարու օգնելու ենք։ Եթե վրադ չունիս՝ բարեկամն մը փոխ առ, գալ շաբթու ամենր մեկեն կուտամ»։

Քույդ

ԺԴ․ Զինք տեսնելուդ պես ծանրությամբ մը կըսես, կեցցե՛ս, մենք ալ քեզի բարեկամ կը կարծեինք կոր, երեք ոսկիի խոսքերնիս չանցնիք կոր եղեր, վնաս չունի։

Պարտատերդ հոս կիմացունե, թե արզըհալ պիտի ընե։ Հոգդ չրլլա։

ԺԵ. Այս անգամ սենյակդ մուպաշիր մը կուգա և քու անունդ տալով կը հարգնե, թե հո՞ս ես։ Հիմա դուրս ելավ, սա փողոցեն գնաց կըսես։ Մուպաշիրը կսկսի ցույց տված փողոցդ վազել։

ԺԶ. Երկրորդ օրը մուպաշիրին նորեն գալիքը առաջուց գիտնալուդ համար նույն օրը արդեն սենյակ չերթալիքդ հայտնի է։

ԺԷ․ Պարտատերդ կը տեսնաս և կը համոզես, որ՝ առնելիք ստակն դատարաններ երթալ, գալու ծախսին չբավեր, թե արզհալը ետ առնե ու գործը բարեկամությամբ լմնցնե։

ԺԸ. Զինքր կանչել կուտաս և կըսես, թե՝ քեզի հարմար գործ մը կա. այս ինչին մաղազան գնա, շահավոր գործ մէ, սա առիթը մի փախցներ։ Մարդը շնորհակալություն հայտնելով՝ մանավանդ արզըճալ ըրած ըլլալուն համար հազարներով ներումն խնդրելով կերթա։

ԺԹ. Պարտատերդ կուգա կըսե, թե՝ այն գործը երկու ամիս առաջ ուրիշի մը տրվեր է. և կը խնդրե, որ ուրիշ գործ մը գտնաս իրեն։

Ի. Իրեն գործ փնտրելով կրնաս զինքը երկու տարիի չափ խաղցնել։ Մեր բարեկամն իր պարտատերներեն մին տասը տարի խաղցուր իրեն քանի մը գործ գտնելով և այսօր իր պարտատերն շատ հարգանոք կը վարվի հետը։

Այս պարզ սկզբունքներն հոս դնելով կը հուսանք, որ մեր հանճարեղ պարտականները իրենց կողմե ալ այլ և այլ միջոցներ ավելցնելով կրնան մինչև ցմահ պարտքերնին չվճարելով պարտատերացը համակրությունը, հարգանքն ու պաշտպանությունը վայելել։

Արդեն օրինակները պակաս չեն։