Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է նե նմանապես կուտվի, այս քու ըսած ժառանգությունդ ի՞նչ տեսակ բան է։

— Դուն ժառանգ ըսելով միայն ստա՞կ կիմանաս, կին մալ ուրիշի ժառանգ կրնա իյնալ։

— Դուն բերնեդ ելած խոսքը չես գիտեր կոր. ժառանգ ըսածդ հարստություն մէ, որուն մեկը օրինավոր ժառանգորդ կըլլա, այսինքն ժառանգելու իրավունք կունենա, երբ այդ հարստությունն յուր մեռյալ հորն, մորն, կամ եղբորն է։

— Ըսել է որ այսօր ես կնիկ մունենամ ու մեռնիմ նե՝ կնիկս տղուս ժառանգ պիտի մնա։

— Չկրնար ըլլալ, կնիկը չժառանգվիր։

— Ուրիշի մը կնիկը ըլլա նե։

— Դարձյալ չըլլար։

— Անանկ է նե դուն տգետ մեկն ես։ Ահավասիկ վսեմափայլ Ստեփան փաշային՝ 1876 հունիս 1 Մասիսին 1736 թվույն, երրորդ երեսին, երրորդ սյունակին մեջ հրատարակված մեկ նամակեն քանի մը տողեր. «Ուստի սույն գրքույկը, զոր մեծահիշատակ պեյին սրտի հատորույն հետ երկինք ինձ պարգևեցին ի ժառանգություն, տպագրությամբ ի լույս հանելով, աներկմիտ եմ, որ ազգին ծառայություն ըրած պիտի ըլլամ»։ Հիմա ի՞նչ կըսես ասոր։

— Ըսելիք չմնաց, առաջները չէր ըլլար, Ռուսինյան էֆենտիի կանոնադրութենեն² ետքը սկսավ ըլլալ նե, ան չգիտեմ։ Ինչ որ է, պատմե՝ նայինք սա ժառանգությունը։

— 1847 հունվար 20-ին Պոլսեն ելա Սամսոն գացի, քաղաքը աղվոր. երկու մզկիթ ունի, երկու մեծ աղբյուր, ժողովուրդը կոշտ։ Չորս տղա պատվաստեցի։

— Վե՞րջը։

— Անկից ելանք Իյնեպոլի գացինք, քաղաքը աղեկ. շատ մզկիթ կա մեջը, եկեղեցի ալ կա, մարզիկը քիթ, բերան ալ ունին. ժողովուրդը անկիրթ։ Քառասուն հիվանդ նայեցա։

— Անկից ո՞ւր գացիր։

— Անկից Տրապիզոն ելանք, քաղաքը գեղեցիկ, կլիման դաստիարակյալ, մզկիթները քաղաքավար, եկեղեցիները քար ու կիր, ժողովուրդը բիրտ, հազար տղա պատվաստեցի, շատ մը հիվանդներ նայեցա, դարձած ատենս նայած հիվանդներես մեկն ալ չտեսա։

— Կրթյալ հայ մը չտեսա՞ր բնավ։

— Ո՛չ բնավ չտեսա։

— Ա՞ս է սքանչելի բան ըսածդ։