Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Աս է, հապա. որովհետև հանգուցյալ Բարունակ պեյը միայն իր հիշողության օգնական ըլլալու համար իբրև ծանոթություն հավաքեր է զանոնք, որպեսզի օր մը շտկելով, շարակարգելով՝ ի լույս ընծայե։ Այդ խեղճը ի՞նչ հանցանք ունի. շատ հավանական է, որ անդիի աշխարհեն բողոք բառնա Ստեփան փաշային՝ իրեն ժառանգորդ ըլլալուն դեմ, ինչպես նաև ժառանգությունն այսպես չարաչար գործածելուն դեմ։

— Ինչո՞ւ ուրեմն լրագիրք այն չափ գովեցին այս գիրքը։

— Ո՞վ գիտե, գիրք մը, որուն առաջին երեսը աշխարհագրության դասագիրքի կը նմանի, քանի մը թուղթ դարձունես նե Արամյան ընդարձակ օրացույցին կը նմանի, քիչ մալ առաջ երթաս նե դեղավաճառի խանութ կը նմանի։

— Ըսել կուզես, թե ամեն բանի կը նմանի, միայն ճամբորդության չնմանիր։

— Այո՛, ատ ըսել կուզեմ։

— Բայց ժողովուրդը ըսածիդ պես կոշտ, անկիրթ է եղեր։

— Անանկ է եղեր։

— Ցավալի բան, ափսո՜ս... խեղճ հայություն։

— Բայց ասկից քսան տարի առաջ։

— Քսա՞ն տարի առաջ մի, կը կարծեի, որ հիմա այն վիճակի մեջ են։

— Չէ, ճանբորդությունը 1847-ին է։

— Անանկ է նե իբրև հնություն այդ գիրքը մեծ հարգանաց արժանի է, որովհետև 1847-ին ատանկ այլանդակ հրատարակություններ շատ կըլլային։

— Շատ լավ, բայց սա գիտնալու է, որ հանգուցյալ հեղինակը հավանություն կուտա՞, որ յուր գիրքը այu խեղչ վիճակին մեջ լույս տեսնե։

Քանի որ ժառանգորդն է ընողը, մեզի ըսելիք չմնար։


ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ՑԱՎԵՐՈԻ ԴԵՂ

— Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

— Ի՞նչ կա, Խիկար, ի՞նչ ունիս։

— Ի՞նչ պիտի ըլլա, քովս սարսափելի ցավ մը ունիմ։

— Չերթա՞ս քիչ մը փանասե¹ առնես։

— Մանասեն ո՞վ է։