— Մանասե չէ, փանասե է․ տեսակ մը դեղ է, որ շատ մը ցավերուն աղեկ է եղեր։
— Ի՞նչ կըսես։
— Չտեսա՞ր լրագիրները. ամենքն ալ փանասե կտրվեր են։
— Ի՞նչ, անո՞նք ալ քովի ցավ ունին։
— Չէ՛, կը հրատարակեն կոր, որ քովի, ստամոքսի, մեջքի, աղիքներու ցավեր, թանչք, քոլերա ունեցողները կարդան ու առնեն։
— Այսչափ հիվանդություն ունեցողը ձեռքը լրագիր կրնա՞ առնել, որ կարդա։
— Ցավ ունեցողը չկարդա նե. չունեցողը կը կարդա և ունեցողին կիմացունե։
— Ո՞ր լրագրին մեջ գրված է։
— Ամենուն մեջ ալ կա, ամենն ալ փանասեով լեցված են։
— Աղեկ ա՛, այդ լրագիրներեն մեկը կլլեմ նե չըլլար։
— Խիկա՛ր, կատակը մեկդի, գնա՛, շուտ մը առ ու խմել սկսե՛։
— Աղե՛կ, բայց այդ դեղը կոկորդի ցավիս չվնասե՞։
— Կոկորդի ցա՞վ ալ ունիս։ Ի՛նչ երջանիկ ես, փանասեն կոկորդի ցավին ալ աղեկ է եղեր։
— Հապա ոտքիս ցավն ո՞ւր դնենք։
— Քիչ մ՝ալ ոտքիգ կը խմցնես, ոտքի ցավին, ստամոքսի ցավին, ակռայի ցավին ալ աղեկ է եղեր։
— Սպասեմ ուրեմն, սրվոնց ամենը մեկեն ցավիլ սկսին տե ան ատեն առնեմ ուտեմ, որ աման գա։
— Մարմնույն ճմլված, ճղմված, ճեղքված, ճնշված, ճմռթկած տեղերուն վրա ալ քսես նե բան մը չըլլա՞ր։
— Ճմռթկա՞ծ ըսիր։
— Այո՛։
— Բանթալոնիս վրա քսեմ նե կը շտկվի՞ կըսես։
— Հարցնելդ ավելորդ է։
— Ճնշված տեղե՞րն ալ կը բժշկե։
— Իսկույն։
— Անանկ է նե գավառացի հայոց վրա ալ քսելու է, որ խեղճերը քիչ մը շունչ առնեն։
— Արյան շրջանը կարագացնե ու բնությունը կը զորացնե եղեր։
— Այս ըսածներուդ ամենուն ալ պիտի հավատա՞նք, չէ նե մեկ մասին։