Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈԻՆ «ՄԱՍԻՍԻ»

ԱՌ ԿԱՄԱՎՈՐ ՀԱՑՍ

Անպիտաննե՛ր.

Բարով խերով դեմս չելլայիք...

Երբ հորդոր կը կարդայի հայոց, որ ժամանակ չկորսնցուցած վազեն կամավոր գրվին¹, կը հուսայի, որ քիչեն քիչ գոնե հիսուն հազար հայ զենք կ՝առնեն։ Իմ հույսերս չպսակվեցան, և այսօր ցավոք սրտի գաճաճ վաշտ մը կը տեսնեմ իմ առջև։

Ես կուզեի հայերե մեծ գումարտակ մը տեսնել, որ կարող ըլլար պատերազմի պաշտին վրա իյնալով նշանավոր հանդիսանալ. ես կը փափագեի, որ հայ ազգը ամբողջ պատերազմի դաշտին վրա մեռներ ու ջնջվեր, ցցունելու համար, թե մենք Հայկազավակներ ենք։

Ո՞ր ազգասեր հայն չփափագիր, որ փառաց ասպարեզին մեջ փայլի հայկական բազկաց ազդեցությունը. ինչո՞ւ ուրեմն այս փափագող հայերը զինվոր չգրվեցան և զձեզ մինակ թողուցին։

Անպիտաննե՛ր։

Դուք բաչածիդ չեք կրնար կոր կապել, և աղեկ գիտեմ, որ պատերազմ չգտցած ճամբան պիտի մեռնիք։ Սըվոնց նայե մեյ մը... կորսվեցեք սըկե գաճաճներ․ (կամավորներն վախնալով ետ ետ կը քաշվին) դուք ո՛չ թե մարդ, այլ ճանճ մանգամ սպաննելու անկարող եք։ Ծո՛, դուք իմ քովս գրաշարություն անգամ չեք կրնար ընել, անգամ մը փչեմ նե՝ ամենքնիդ ալ գետինը կը փռեմ։

Ափսոս, ափսոս, որ իմ հորդորներս օգուտ մը չըրին։ Ես կը փափագեի, որ որչափ հայ բեռնակիր կա, ամենն ալ կամավոր զինվոր գրվեին, թշնամվույն դեմ հարձակելով վիրավորվեին և հայ տիկնանց թիֆթիկներուն արժանի ըլլային։ Ես անգամ կամավոր կը գրվեի, եթե աշխարհաբար լեզուն կոկելու պաշտոնը ուրիշ մը վրան առներ: Այո՛, ես ալ կամավոր զինվոր կը գրվեի և բանակին մեջ որչափ զորք գտնեի, ամենքն ալ Մասիսին բաժանորդ կը գրեի։ Ո՛հ, որքան թմրած են մեր ազգայինները, որ իմ հորդորները լսած ատեննին փոխանակ հայրենասիրական եռանդով վառվելու ամենուն ալ եռանդը մարեցավ։

Գացեք աչքիս առջևեն ճնճոցներ, չպիտոներ, մենք ձեր ընելիք կռիվեն վազ անցանք, տեղերնիդ գացեք, գործերնուդ նայեցեք, և երբ մեծ գումարտակ մը կազմեք, այն ատեն ներկայացեք։

Մասիս