Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երթամ քոնսոլիտ, շըմենտըֆեր, կամ ուրիշ արժեթուղթ առնեմ և հիմա իյնալուն պես մազերս փետտեմ։

Հապա ինչ ըսեմ այն որբևայրիներուն ու խեղճերուն, որ քառասուն, հիսուն ոսկի ունենալով գացեր արժեթուղթ առեր են և հիմա դեմերնին ելնողին կը հարցունեն.

— Ոտքդ պագնեմ, արևուդ համար ըսե՛, ի՞նչ ընեմ, պահե՞մ մի, ծախե՞մ մի, ինձի մեղք չէ՞ մի, ես որբևայրի կնիկ մ՝եմ, Աստված խայիլ կըլլա՞ մի, որ քոնսոլիտը իյնա ու ես վնաս ընեմ, իմին բոլոր ունեցածս աս է, ֆայիզ կառնեի, տերտս, կը տեսնեի, հիմա իրավո՞ւնք է, որ ես ֆայիզին կեսն առնեմ ու մնացածն ալ հինգ տարիեն ետքը առնեմ։

Աղեկ ա՞, տիկին, աս ըսածներդ հիմա ի՞նչ օգուտ ունին, հիսուն ոսկին ինչո՞ւ աղքատաց չես տվեր, որ խալսեիր ու հիմա այսպես չի տանջվեիր, ի՞նչ ընենք, քեզի համար քոնսոլիտը վաթսուն ղուրուշի՞ հանենք, որ չվնասվիս։ Կ՝ուզես նե ծախե, կ՝ուզես նե պահե՛, ես պատճառ չեմ կրնար ըլլալ։

Իրավունք չունի՞մ, ընթերցող, ի՞նչ խրատ կրնանք տալ, ապագան ի՞նչպես կրնանք գուշակել քանի որ ներկային վրա իսկ բնավ տեղեկություն չունինք։

Ահավասիկ ես այսպիսիները կը ցավիմ, և կը մեղադրեմ, որ ստակովնին գլուխնին փորձանքի են դրեր, լմնցուր ստակդ, կը լմննա նաև վիշտերդ։ Վերցուր պատճառը, կը վերնա նաև կռիվը։ Միթե այդ դրամը չէ՞ մարդոց բոլոր աղետից պատճառը, այդ դրամը, զոր իմաստասերները նախատեր են։ Եվ մենք ալ կը հուսանք, որ իմաստասերներուն այդ սկզբունքն քիչ ժամանակեն պիտի հաղթանակե, և ոչ մեկերնուս քով ստակ պիտի գտնվի, և ամենքս ալ պիտի ըլլանք մի հոտ, մի հովիվ։


ԹԱՏՐՈՆՆԵՐ

<1>

Մասիս պատվական լրագիրն բերկրությամբ սրտի իմացեր է եղեր, որ այս տարի տաճկերեն օբերայի խումբ մը կազմվեր է և Գաղղիական թատրոնին մեջ ալ ներկայացում տալ սկսեր է։

Ուսկի՞ց ալ շուտ մը իմացեր է այս խումբին շուտ մը կազմվիլը, կարծես ամեն տեղ մարդիկ ունի, որ նոր բան մը լսելնուն պես իսկույն հեռագրով կ՝իմացունենք իրեն։