Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կարծենք թե անձնվեր կամավորներն այսպես վհատեցնելու և անոնց հայրենասիրական եռանդն մարելու չէր մեր զորապետ պաշտո՝նակիցը։


ԵՐԿՐՈՐԴ ԲԱՆՈՐԱՄԱ «ԹԱՏՐՈՆԻ»

Սեյր ըրե՛ք, սեյր ըրե՛ք պատերազմի դաշտը, տեսեք աջ կողմեն, ինչպես կը փախչին կոր Սերվիո զորքերը, ծառին տակը սերվիացի զորավար մը վիրավորյալ ինկեր է, տեղեն չկրնար կոր շարժիլ։ Չերքեզ մը քովը կեցեր անոր գրպանները կը խառնե կոր։ Սեյր ըրե՛ք, աս կողմեն օսմանյան զորաց գարատաղցիները հալածելը։ Գարատաղցիք բուրդ ու կը փախչին կոր, ոտքի ամաններն գերի թողլով։

Սեյր ըրե՛ք, սեյր ըրե՛ք չեզոք Րումինիայի կողմեն եկող րուս զինվորները որոնց ամենն ալ հովիվի կերպարանք մտած են։

Սեյր ըրե՛ք, սեյր ըրե՛ք Րուսիա ինչպես կրակին առջև նստած, վրան ձեթ կը լեցնե կոր․ կրակեն քիչ մը ասդին Նիքոլա իշխանը նստած զորաց ատենաբանություն կընե կոր, զորքերն ալ կը քնանան կոր։ Անգինն գարատաղցի իշխանը այծի պես մագլցելով լեռներեն վեր կ՝ելլա կոր։

Սեյր ըրե՛ք, սեյր ըրե՛ք պաշը պոզուխներուն վազվըռտելը, տեսեք, հովիվ մ՝են բռներ կը ծեծեն կոր, վրան ինչ կա ինչ չկա առնելու կը նային կոր։

Սեյր ըրե՛ք, սեյր ըրե՛ք, Րումանիո իշխանին Անգղիո թագուհիեն ծնրակապ ուզելը, թագուհվույն մերժելը, Րումանիո յուր սահմաններուն վրա զորք ղրկելը։ Սեյր ըրե՛ք, սեյր ըրե՛ք, Պիսմարք իշխանին հարդի տակեն ջուր քալեցնելը և բնավ չխոսիլը․ սեյր ըրե՛ք, սեյր ըրեք, Գաղիո ազգային ժողովին մեր երեսը բնավ չնայիլը, Անգղիո կառավարության իրարանցումը, Ավստրիո սրտմաշուքը, Իտալիո պատրաստվիլը, Հունաստանին՝ բան մը վաստկելու համար մեկ կողմ քաշված նստիլն ու ձայն չհանելը։

Ալ գոցվեցավ տեսարանը, գալ շաբթու նորեն հրամմեցեք։


ԱՌԱԾՆԵՐ

Չէ թե շատ ապրելով, այլ շատ տեսնելով կը սորվվի։

Մարդն է հայելի մարդուն։

Աչվըներդ բաց, որպեսզի ուրիշները չի բանան։

Ով որ շատ բանի ձեռո կը զարնե, քիչը կը լմնցնե։