Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չեն ծառայեր։ Ինչպես որ հայտնի տեսվեցավ Մոսկվայի ու Թիֆլիզու մեջ եղած խռովությունք, հորս մի քանի բավական թվով մարդ չսպաննվեցավ։

Ռուսաց տերություն իմանալով հայ ժողովրդյան այն վրդովմունքը 20 հազար զորք ղրկեր նույն կողմերը երթալու։ Ահավասիկ Լրագրին տված լուրերը.

— Ամենը այսչա՞փ։

— Ո՛չ, երեկվան հասած լուրերն կ՝իմացունեն թե՝ Ռուսիո հայերը խոստացված անկախությունը ձեռք բերելու համար Միքայել դուքսին հրամանատարությանը ներքև ոտքի ելեր Ռուսիո դեմ կը պատերազմին կոր։ Չորս զորապետ կա եղեր չորս բանակին գլուխը․

Ա․ Հովհաննես զորապետ.
Բ. Քրիմ Մելիք։
Գ. Պասքո Իսվանովիչ
Դ. Շիանոֆ։

Հայոց հետ միացած են եղեր բաց գլուխ ըսված դասը, որուն թիվը 50000 է։ Վրացիներն ու չերքեզներն ալ միացեր են։ Կառավարությունը բոլոր հաղորդակցությունը դադրեցուցած է, հեռագրական թելերը խզված են։ Ռուսաստանեն այն լուրերը բերող հայն ինձի տեսավ և զրուցեց, որ իր ուզածը ուրիշ բան չէ, եթե ոչ կամավորներ և Միքայել դուքսին ուղղյալ ուղերձ մը։

— Խիկար, այս լուրերն աղեկ, ի՞նչ կարծիք ունիս ատոնց վրա։

— Իմ կարծիքս այն է, որ այս լուրերը բոլորովին սուտ չեն կրնար ըլլալ...

— Իրավ ատանկ է, բայց ինչպես կրնա ըլլալ, որ կայսեր մեկ եղբայրը ամիսե մը ի վեր յուր եղբորը դեմ այսպես մեծ պատերազմ մը կընե և մեկ երկու մարդոցմե զատ ուրիշ մեկը չիմանար։

— Հաղորդակցությունները կտրված են։

— Բայց, քանի որ Կովկասյան գավառները հիմա Միքայել դուքսին ձեռքն է, թող ան կողմեն լուր տան մեզի։

— Ռուս զինվորներն ան կողմեն ալ հաղորդակցությունն կտրած և ճամբորդ թող չեն տար եղեր։

— Աղեկ ա, մինչև ե՞րբ այս անստուգության մեջ պիտի մնանք, իմանալու ենք որ, եթե իրոք անանկ բան մը կա, մեր եղբայրներուն օգնենք, իսկ եթե ընդհակառակն ատանկ բան մը չկա՝ ետևե իյնանք ու հասկնանք, թե ո՞վ է մեր քիթին խնդացողը, թե ինչ գաղտնիք կա ասոր մեջ։

— Հանդարտ եղիր, ա՛լ քիչ օրեն ամեն բան երևան կ՝ելլա։