Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պատվական Մասիս, այս խումբն անցյալ տարի կազմված է և ասդին անդին քանի մը անբարոյական և հակազգային ներկայացումներ տալուն համար բավական վնասված էր։ Մեր լսածին նայելով՝ այս տարի Կեոչեյան վսեմափայլ Հակոբ Էֆենտին դրամագլուխ դնելով և յուր կողմեն մեծապատիվ Եղիազար Էֆենտի Մելիքյանը գործակատար կարգելով Գաղղիական թատրոնը վարձու բռներ է, որ ներկայացումներ տա։ Այս ըսածներս աղեկ միտքդ պահե, որ գալ տարի իբրև նոր լուր ընթերցողացդ հաղորդես։

Ինչո՞ւ ազդերու վրան ընդ տնօրենությամբ վսեմափայլ Հակոբ էֆենտի Կեոչեյան գրված չէ, պիտի ըսես հիմա դուն։ Պաաճառը սա Է, որ նորին վսեմությունը միշտ գաղտնաբար կուզե բարիք գործել։ Չէ, պիտի ըսես, եթե ըրածը բարի գործ մԷ, պետք է որ հայտնի գործե։ Ես ալ կըսեմ, որ թերևս հասարակութենեն կը քաշվի կոր։ Եթե հասարակութենեն քաշվելու գործ մէր ըրածը՝ պետք չէր որ ըներ։

Բայց ըսի ըսիրի վերջը չգար, ես որ կեղծ բաներե չեմ ախորժիր և ճշմարտությունն բոլորովին մերկ կը ներկայացնեմ, առանց ժամանակ կորսնցնելու խնդրույն մեջ կը մտնեմ և կը ծանուցանեմ, որ Կեոչեյան էֆենտիի խումբը անցյալ չորեքշաբթի ներկայացուց Քյոսե քեհյան, զոր Օրագիր անցյալ տարի մեյտան օյունի անունով կնքած էր և որուն ես ազգությունը ծաղու նշավակ ընող խաղ մէ ըսեր էյի, ինչպես որ հիմա ալ կըսեմ, ինչպես որ ասկից վերջն ալ պիտի ըսեմ։

Վսեմափայլ Հակոբ էֆենտի Կեոչեյան յուր ներկայացնել տված խաղերուն ուշադրություն ընելու է. ոչ միայն հայ լեզուն օտարաց առջև ծաղու նշավակ ընելու չէ, այլ նաև անբարոյական խաղեր ի տես հանելու չէ. եթե կը փափագի մամլո հարվածներեն ազատ մնալ։

Կը հուսանք որ վսեմափայլ Հակոբ էֆենտի Կեոչեյան մեր այս դիտողություններն նկատողության առնելով պետք եղածը կը տնօրինե և չստիպեր զմեզ նորեն այս խնդրույն վրա խոսելու։

Վարդովյան էֆենտիի խումբն, ինչպես հայտնի է, ամեն գիշեր ներկայացումներ կուտա ի ներկայության խուռն բազմության, որ ամեն թաղերեն ու գիւղերեն կը դիմե։ Եվ արդարև, Վարդովյան էֆենտին շատ իրավունք ունի հասարակության քաջալերությունը վայելելու թե՛ ընտիր դերասաններ ունենալուն և թե՛ ներկայացումներն կանոնավոր տալուն և թե՜ մինչև այսօր ազգության դեմ ներկայացում մը չտալուն համար։