Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆԵՐԴԱՇՆԱԿՈԻԹՅՈԻՆԸ ԱՎՐՎԵՑԱ՜Վ՜․՜․՜

Երգյա՛ ինձ, ավանակ, նստարան խոնարհության, տիպար համառության, քաջածնոտ էակ, արարած հրեշտակատես¹ կենդանի՝ Աստվածակիր², երգյա՛ ինձ, ի՛նչպես եղավ, որ քու անունդ Մանզումեի³ մեջ տեսնվելով՝ արատավորեցավ ու ժողովուրդը տակնուվրա ընելով կովկասյան պատերազմին վերջ տվավ։ Դո՛ւ որ Բաղաամու անիրավության չհանդուրժելով Բաղաամու հասկնալի լեզվավ խոսեցար անոր հետ, միթե լո՞ւռ պիտի մնաս Մանզումեին այս անիրավությանը դեմ և չպիտի ապացուցանես, որ ի պահանջել հարկին մարդու պես ալ կրնաս խոսիլ։ Խոսե և ապահով եղի՛ր, որ ինչպես ուրիշ անդամներ, այս անգամ ալ քու իրավանցդ խոնարհացար պաշտպան պիտի հանդիսանամ: Խոսքը քուկդ է:


ԱՎԱՆԱԿՆ է ՈՐ ԿԸ ԽՈՍԻ

Մեծապատիվ պարոնյան էֆենտի

Շատ ուրախ եմ, տեսնելով, որ խոսելու և խորհելու ազատությունը հարգելով՝ թույլ կուտաք ինձ քանի մը խոսք ընել, ազատություն՝ որ Բաղաամ ու դարեն ետքը մեզմե հափշտակվեցավ և մեյ մ՝ալ չտրվեցավ, հակառակ Ժյուլ Սիմոնի ազատության վրա հրատարակած գրքերու:

Մեծապատիվ էֆենտի, չեմ կրնար առանց արտասվալի աչոք նկատել մեզի եղած անարգանքը։ Մենք, որ հին պատմության մեջ փառավոր էջեր գրաված ենք, մենք որ Ծաղկազարդի օրը բոլոր կենդանիներեն դեր ի վերո անցած ենք այսօրվան օրս գրեթե ամենեն կը նախատվինք, կը ծեծվինք, հակառակ կարծյաց ազատության։

Խոսքերնիս մասնավորենք։

Ահավասիկ Մանզումեն աչվընիս առջևն է, կովկասյան խնդրույն առթիվ քանի մը լրագրաց գրածներուն սուտ ըլլալն ցցունելու համար փոխանակ ուրիշ լեզու մը գործածելու կելնե կ՝ըսե թե՝ ասանկ լուրերու հավատալը ավանակություն է։ Մենք, դժբախտաբար լրագիր չունինք, որ սուտ լուրեր հրատարակած ըլլան, մենք ալ հավատացած ըլլանք, որով առիթ տված ըլլանք Մանզումեին, որ իբր օրինակ մեզի առաջ քշե։ Ռուսիո դեմ ապստամբիլն ալ բնավ մտքերնես անցած չէ, ինչու որ մենք տակավին