Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քաղաքականության մեջ մաս չունինք. ուստի, այս ճշմարտություններե կը հետևի, որ Մանզումեն զմեզ նախատելու համար միայն այդ լեզուն գործածած է։ Եթե այդ սուտ լուրերը հերքելու համար ուրիշ լեզվով համոզել անհնար ըլլար, այն ատեն տրամաբանության փոքրիկ ծառայություն մը մատուցանելու համար թերևս այդ անարգանաք հաձնառու ըլլայինք և պարծենալով ըսեիեք. «մեր անունը ճշմարտությունը գտնելու ամենեն զորավոր և մեկ հատիկ միջոցն է»։ Բայց այսպես չէ, Մանզումեն այդ. լուրերը հերքելու համար կրնար ըսել, «մի՛ հավատաք, Մեճմուան ստակ վաստկելու համար միայն այդ սուտը հնարեց, մի հավատաք, Նորագիր սուտ լուրեր տալու մասին Լրագրին երկրորդը կրնա համարվիլ, մի՛ հավատաք, Լրագիր իր ամեն թիվերուն մեջ մեյ մեկ սուտ կը հրատարակե, այդ հավելվածները ժողովուրդը կրթելու համար են կրնար ըլլալ, որ ասանկ մեծ դեպք մը ամիս մը գաղտնի մնա, կրնար ըլլալ, որ Լրագրեն զատ ուրիշ լրագիր մը Երևանեն նամակ չառնե. չկրնար ըլլալ, որ Օդեսայի շոգենավն միմիայն Մեճմուային համար գա», վերջապես համոզելու համար ամենեն զորավոր փաստերն ու ապացույցներն մեջ բերելով՝ կրնա իր ընթերցողներն համոզել, առանց մեր սիրտը վիրավորելու։

Մանզումեին այս նախատինքը հերիք չէր և ահա անդիեն ժողովուրդն ելավ և ի խոր խոցեց մեր կարեվեր սիրտը։ Հայտնի էր, որ ժողովուրդը այդպես պիտի վարվեր, որովհետև աշխարհիս երեսը մարդ չկա, որ ավանակ բառին վրա չբարկանա բայց ընդհակառակն՝ երբ ըսես այդ մարդոց «առյուծի պես զորավոր ես, սիրամարգի պես աղվոր ես, աղվեսի պես խորամանկ ես, գառնուկի պես անմեղ ես, սոխակի պես գեղգեղաձայն ես և այլն» բնավ չեն բարկանար, և ասոր ալ պատճառն այն է, որ առակախոսին մեկը օր մը մենե մեկուն վրա հեծած՝ գետե մը անցնիլ ուզելով՝ մերինը չուզեր անցնիլ — գիտնալ պետք է, որ մենք սկզբունքի տեր ենք։ Նորագրի և Լրագրի պես ամեն օր սկզբունք չենք փոխեր, անգամ մը որ ջուրեն չանցնիլը սկզբունք դրած ենք մեզի, մինչև մեր վերջին շունչը չենք անցնիք — ասոր վրա առակախոսը ետ կը դառնա ու գործեն ետ մնալուն վրա բարկանալով կսկսի ոտանավորներուն մեջ մեր խելքը, ձայնը ծաղրել. վերջեն եկող առակախոսներն ալ իրենց նախորդին հետևելով զմեզ իրենց գրչին նյութ կընեն և ժողովրդյան մեր վրա ունեցած համարումը կը ջնջեն։

Մենք աղեկ համոզված ենք, որ օր պիտի գա, ուր ավանակները