Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ղալաթիո եկեղեցին գումարվելով սրբազան Պատրիարքեն պատասխան ուզեր են։

Սրբազան Պատրիարքը երկդիմի պատասխաններով դժբախտաբար ժողովրդյան կասկածները հաստատեր է։

— Սրբազան հայր, խոսք տված էիք մեզի, որ մինչև ուրբաթ սպասեցեք և ձեզի տեղեկություն կուտամ. ահա այսօր ուրբաթ է, ըսեք մեզի, այդ լուրերն ստո՞ւյգ են, թե չէ։

— Չեմ կրնար բան մը ըսել։

— Սո՞ւտ են։

— Չեմ կրնար ըսել, թե սուտ են։

— Ճշմարի՞տ են։

— Չեմ կրնար ըսել, թե ճշմարիտ են։

— Ի՞նչ են հապա։

— Ես բամ մը չգիտեմ։

— Հեռագիրներուն պատասխանները չեկա՞ն։

— Կրնա ըլլալ, որ եկած ըլլան, կրնա ըլլալ, որ եկած չըլլան։

— Որոշ պատասխան մը չե՞ք կրնար տալ։

— Չեմ կրնար տալ։ Սպասեցե՛ք։

— Մինչև ե՞րբ սպասենք։

— Մինչև որ պատասխանները գան։

— Պատասխանները ե՞րբ կուգան։

— Հայտնի չէ։

— Կրնա՞ ըլլալ, որ պատասխանները մինչև այսօր եկած չլլան, քանի որ անդիի աշխարհեն մեկ ժամվան մեջ հեռագիր կուգա կոր։

— Չեմ կրնար բան մը ըսել։

— Ժողովուրդը հետաքրքիր է գիտնալ թե․․․

— Դուրս գացեք, կուգամ կըսեմ հիմա։

— Շատ աղեկ։

— Կառավա՛ր, կառքը բեր։

— Պատրաստ է, սրբազան, մտեք..․

Կռռռռռռռռռ։

Ահավասիկ սրբազան հոր պատասխանը, կռռռռռռռռռռ։ Այս կոռռռռռ-ին վրա ժողովուրդը դարձյալ գոհ չըլլալով՝ կը մեկնի։

Սրբազան Պատրիարք հոր այս ընթացքը քիչ մը մեղադրելի կը թվի մեզ. սրբազան Պատրիարքը քաղաքագիտական ուրիշ ընթացքով մը կրնա յուր գիտցածը ժողովուրդեն ծածկել առանց անոր կասկածներն ավելցնելու. մինչդեռ այս ընթացքովն չհավատացնողներն ալ հավատալու կը հրավիրե։