Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առաջ չես երթար կոր, հասկցիր, որ Խասգյուղի շոգենավներեն մեկուն մեջն ես։

Այն օրը, որ գործեդ ետ կը մնաս, գիտցիր, որ նույն օրը կամուրջը բացված է։

Քալած ատենդ ոտքդ քարի զարնելով թե իյնաս՝ գիտցիր, որ կնկան մը երեսը նայիս կոր։

Երբ որ Ռումանիա թող կուտա, որ երկրեն կամավոր զորք անցնի՝ գիտցիր, որ չեզոքություն կը պահե կոր։

Քիթդ եթե մեծնա՝ բանաստեղծության նշան է։

Հինգ վեց հարյուր հոգի եթե Բ. Դուռ երթան՝ գիտցիր, որ նոր հարստահարություններ գործված են։

Երազիդ մեջ եթե դժոխք իջնաս՝ գիտցիր, որ նույն օրը թընելի մեջ պիտի նստիս։

Եթե մեկե մը հակասական խոսքեր լսես, նույն օրը պատերազմի վրայոք լուրեր պիտի կարդաս լրագրաց մեջ։

Երբոր ժամացույցդ չքալեր՝ գիտցիր, առջի իրիկունե օղին շատկեկ ես փոխուցեր։

Կայնած ատենդ եթե վրայեդ բան կորսնցնես՝ գիտցիր, որ թընել կը նստիս կոր։

Հ․ — Լրագրաց փուլերը ե՞րբ պիտի վերնան։

Պ. — Երբ որ լրագիրները վերնան։

Հ. — Պոլսո փողոցներուն տիղմերը ե՞րբ պիտի մաքրվին։

Պ․ — Երբոր սա պատերազմական խնդիրք մաքրվի։

Հ. — Թե որ բաժնետոմսերը և թղթադրամները վերնան, ի՞նչ կլլանք։

Պ. — Իսկույն բաժնետոմսի և թղթադրամի կը փոխվինք։

Հ. — Կանանց մեծ դրամագլուխը ո՞րն է։

Պ. — Արտասուքը։

Հ. — Ինչո՞ւ օրիորդները շատ կը խնդան։

Պ. — Որովհետև սինիր ունին։

Հ․ — Ձեռք պագնելը ինչո՞ւ պարիթ եղավ։

Պ. — Որովհետև ձեռք սեղմելը մոտա եղավ։